ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 14, 2003 




Ընտրարշավ 2003. ո՞վ կօգնի թոշակառուներին


Lida Khudoyan is among the poorest.Հայաստանում միջին թոշակը հունվարի 1-ից 6600 դրամ է դարձել (մոտ 10,3 դոլար)՝ անցյալ տարվա համեմատությամբ աճելով 2000 դրամով։ Հանրապետությունում կա 542 հազար կենսաթոշակառու։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, վերջին վեց տարիների ընթացքում կենսաթոշակառուների թվաքանակը նվազել է 54,2 հազար մարդով կամ 8,9 %-ով։ Դա բացատրվում է ինչպես կյանքի միջին տևողության կրճատումով, այնպես էլ բնակչության ինտենսիվ արտագաղթով։

«Պրոմեդիա» կազմակերպության անցկացրած հարցազրույցների մասնակիցների 76 տոկոսը գտնում է, որ հաջորդ նախագահը պետք է ավելի բարձրացնի կենսաթոշակները։

«Կենսաթոշակների չափը տնտեսական արդյունքների արտացոլումն է։ Նաև ինչքան հարկային դաշտը լավ աշխատի, էնքան կբարձրանան թոշակները, - ասում է Սոցիալական ապահովության փոխնախարար Աշոտ Եսայանը, - 2,5 տարի առաջ Սոցիալական ապահովագրության հիմնադրամը 4 միլիարդ դրամ պարտք ուներ։ Հիմա հասցրել է դա փակել և 1/3-ով բարձրացնել թոշակները։ Դա լավ աշխատանքի շնորհիվ է։ Եթե մարդուն չստիպես, իր հարկը չի տա։ Իսկ հիմնադրամը գոյանում է այդ հարկերից։ Ինչ հավաքում ես, էն էլ բաժանում ես»։

Սոցիալական ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է կենսաթոշակները բյուջեից պաշտպանելու նպատակով։ Գործատուներն աշխատավարձի 20-22 տոկոսի չափով հատկացումներ են անում կենսաթոշակային հիմնադրամին։

Սոցիալապես անապահով մոտ 96 հազար կենսաթոշակառու բյուջեից ստանում է նաև 4000 դրամ աղքատության նպաստ։ Պարոն Եսայանն ասում է, որ նպաստը պետք է համաչափ լինի նվազագույն աշխատավարձին (5000 դրամ) և թոշակին, այսինքն՝ չգերազանցի դրանք։

Սակայն 76-ամյա Լիդա Խուդոյանը, որի միակ գոյության աղբյուրը 7100 դրամ թոշակն է, զրկված է նպաստից, քանի որ նրա տանն է գրանցված Ռուսաստանի Դուբնա քաղաքում բնակվող որդու ընտանիքը։ Որդին աշխատում է բյուջետային գիտական հիմնարկում։ Մայրն ասում է, որ նրա աշխատավարձը հազիվ բավարարում է 4 անդամ ունեցող ընտանիքի հոգսերին։

«Աղքատությունը և անհավասարությունը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» Համաշխարհային բանկի 2000 թվին հրատարակած գրքում մեջբերված այս միտքը՝ «Հանգիստ ծերության հույս ունեցող թոշակառուները դառնությամբ պարզում են, որ հայտնվել են «կոտրած տաշտակի» առաջ», վերաբերում է Լիդա Խուդոյանին։

41 տարվա աշխատանքային ստաժ ունեցող տիկին Լիդան թոշակը ծախսում է սննդի, կոմունալ ծառայությունների և 3 ամիսը մեկ 3 կիլոգրամանոց գազի բալոնը լիցքավորելու վրա. «1500 դրամ հացի եմ տալիս, առնում եմ մակարոն, ամառն էլ բանջարեղեն։ Տրանսպորտից ընդհանրապես չեմ օգտվում, որովհետև մի երկու անգամ երթուղայինով գնամ-գամ, սննդիս վրա կազդի։ Հագուստ ընկերներս են տալիս. վերարկու, կոշիկ չունեի, տվեցին։ Իսկ որ հիվանդանում եմ, ուզում են դեղ բերել, ասում եմ դեղ խմել չեմ սիրում, որ մարդկանց ծախսի տակ չգցեմ»։

Լիդան բնակարանը չի կարող ջեռուցել։ Անկողնուց դուրս չի գալիս՝ փաթաթված մի քանի վերմակի մեջ։ Ջերմաչափ չկա, սակայն կարելի է եզրակացնել, որ ցուրտ օրերին ջերմաստիճանը 0-ից ցածր է, քանի որ ջուրը սառչում է։

Մի քանի անգամ դիմել է նպաստ ստանալու խնդրանքով, սակայն մերժվել է: «Վերջին անգամ ուղղակի կոպտեցին՝ ոչ, ոչ, դա չի անցնի»։

«Սոցիալական խնամակալության բացառման սկզբունք ունենք, որ մարդ հույսը չկապի նպաստին ու այլ աղբյուրներ որոնի, - ասում է պարոն Եսայանը, - Եթե թոշակառուն չափահաս զավակ ունի, օրենքով նա պարտավոր է խնամել ծնողին։ Եթե զավակը չի կատարում իր պարտականությունը, ծնողը կարող է դիմել դատարան ու ալիմենտ պահանջել»։

73-ամյա միայնակ թոշակառու, 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Լենա Հովսեփյանն իր 7000 դրամ թոշակը և նպաստը ծախսում է միայն սննդի վրա։

«Թոշակս 2000 դրամով որ բարձրացավ, որոշ նշանակություն ունեցավ, բայց մեծ չի ազդեցությունը», - ասում է նա։ Լենան արտրիտ ունի և մեծ դժվարությամբ է տեղաշարժվում։

Ի տարբերություն Լիդայի, նրա բնակարանն արդեն 2-րդ տարին է, ինչ տաքացվում է։ Էլեկտրական վառարանը տրամադրել է, էլեկտրաէներգիայի վարձավճարը տալիս է և Լենայի համար կենսական անհրաժեշտություն ունեցող անվճար դեղորայք է հատկացնում «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը 6000 թոշակառուների համար սոցիալական և առողջապահական ծրագիր է իրականացնում։ Նրանցից 3 հազարը ստանում է ծառայության ողջ փաթեթը՝ սնունդ և բուժօգնություն։

«Մենք անընդհատ փորձում ենք ընդգրկել նոր կարիքավորների։ Նախկինում նաև փնտրում էինք, սակայն այժմ դիմողներն այնքան շատ են, որ էլ չենք հասցնում փնտրել, - ասում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, - Կլինեն շատ աղքատ ծերեր, որ չգիտեն մեր մասին, սակայն ով դիմի, օգնություն կստանա։ Մենք հնարավորություն ունենք»։

450 աշխատող ունեցող կազմակերպությունը կարիքավոր ծերերի համար բարեգործական 21 ճաշարան է բացել հանրապետության 8 մարզերում, նաև ստեղծել է վերականգնողական կենտրոններ։ Բացի այդ, կազմակերպության աշխատակիցները վերանորոգում են թոշակառուների բնակարանները, բժշկական օգնություն և այլ ծառայություններ մատուցում տանը։

Կազմակերպության բյուջեն գոյանում է արտասահմանյան դոնորների ներդրումներից։ Կիրակոսյանը գտնում է, որ պետությունը պետք է սոցիալական ապահովության խնդիրների վերաբերյալ ստանդարտներ մշակի և բյուջեից գումար առանձնացնի ու պատվիրի հասարակական կազմակերպություններին այդ ստանդարտներով ծրագրեր իրականացնել, քանի որ հնարավոր չէ մշտապես դրսի օգնության վրա հույս դնել։

Ե՛վ Լիդան, և՛ Լենան հանրապետության շատ աղքատ բնակչության մեջ են մտնում, որոնք, ըստ Համաշխարհային բանկի աջակցությամբ Ազգային վիճակագրության ծառայության կատարած հետազոտության, կազմում են բնակչության 16 տոկոսը։ 1998 թվի համեմատ (22,91 տոկոս), այս ցուցանիշը նվազել է 7 տոկոսով։

Շատ աղքատ համարվողների օրական ծախսերը կազմում են 1 դոլար։ Ըստ նույն հետազոտության, աղքատ է բնակչության 50,9 տոկոսը (1998 թվին եղել է 55,05 տոկոս)։ Աղքատները ծախսում են օրական 2 դոլար։ Շատ աղքատների 16 տոկոսը մտնում է այս 50,9 տոկոսի մեջ։

«Սոցիալական իրավիճակի բարելավումը պայմանավորված է միայն տնտեսական աճով, - ասում է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը, - Միջին ստանդարտ կա, որ եթե տարեկան աճը 10 տոկոսից ավելի է, աղքատությունը կրճատվում է (2002 թվին տնտեսական աճը պաշտոնապես կազմել է 12,9 տոկոս)։ Սպասել, որ միանգամից հարցերը կլուծվեն, հնարավոր չէ։ Սոցիալական լարվածության պայմաններում երկնիշ թվերով աճը պետք է կայուն բնույթ կրի, որպեսզի քայլ-քայլ նվազի աղքատությունը»։


  Inside
 

Voter questions, candidate answers

Full story

 
 
 
 

Who will help the pensioners?

Full story

 
 
 
 

Who will stop the corruption?

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Tamper resistant?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Tamper resistant?

Journalists flocked to Zvartnots Airport Tuesday to greet the arrival of plastic boxes, heralded by the Organization for Security and Cooperation in Europe as Armenia's first step toward "transparent" elections. The 2,000 boxes - at a cost of about $4 each - were financed by the US, Swiss, German and Norwegian governments. Newspaperman Tigran Liloyan gave one ballot bucket a test run.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2020. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.