ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 14, 2003 




Ընտրարշավ 2003. կրթական համակարգի վիճակը շատ ընտրողների է մտահոգում


Կրթության և գիտության նախարարության տվյալներով, հանրապետությունում գործում է 1392 դպրոց: Դպրոցներից 53-ը գիշերօթիկ են, 35-ը՝ արհեստագործական, իսկ 1304-ը հանրակրթական կրթօջախներ են: Կրթական համակարգում ներգրավված են ավելի քան 55000 ուսուցիչներ:

Հայաստանում դպրոց է հաճախում մոտ 530000 աշակերտ: Ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի, երբ կրթությունը պարտադիր էր, այսօր մոտ 14000 երեխաներ չեն հաճախում դպրոց սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով:

«Տարիներ առաջ մենք ունեինք հզոր կրթական համակարգ՝ խորհրդայինը, որը ճանաչված էր աշխարհում որպես լավագույններից մեկը. այսօր ամեն ինչ փոխվել է», - ասում է 65-ամյա մանկավարժ Համլետ Նահատակյանը:

Էջմիածնի ճանաչված Ներսիսյան վարժարանի հիմնադիր Նահատակյանն իր կյանքը նվիրել է աճող սերնդի կրթությանը և ասում է, որ կրթական համակարգը երբևէ նման անմխիթար վիճակում չի տեսել:

«Երկրի փրկությունը կրթության մեջ է, - ասում է Նահատակյանը, - Այսօր շատ է խոսվում կրթական համակարգի բարեփոխումների մասին, սակայն ամեն ինչ մնում է գրեթե անփոփոխ: Պատճառն անտարբերությունն է»:

Մասնագետների հավաստմամբ, Հայաստանի կրթական համակարգի նման վիճակը մի քանի պատճառներ ունի:

«Ողջ աշխարհում կրթական համակարգերի նորացման ու հարստացման գործընթացներ են տեղի ունենում, իսկ մեզ մոտ ամեն ինչ դոփում է տեղում», - ասում է Էջմիածնի բնակիչ Էդգար Խաչատրյանը:

Երևանի բնակչուհի Անահիտ Հակոբյանն ասում է, որ նախորդ տարիների համեմատ, երբ դպրոց էին հաճախում իր ավագ որդիները, այսօր դրությունը կտրուկ փոխվել է:

«Տասներկու տարի առաջ դպրոց էին հաճախում իմ երկու ավագ երեխաները, այսօր դպրոցական է կրտսեր աղջիկս, - ասում է նա, - Տարբերությունը չափազանց մեծ է թե՛ դասագրքերի, և թե՛ դասավանդման մակարդակի առումով: Նախկինում, եթե հնարավոր էր դպրոցից միանգամից բուհ ընունվել, այսօր դա գրեթե անհնար է: Ուսուցիչների ոգևորության պակասն էլ, հավանաբար, պայմանավորված է ցածր աշխատավարձով»:

Ըստ Գիտության և կրթության նախարարության տվյալների, 2002 թվականին մանկավարժների միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 18000 դրամ (մոտ 31 դոլար):

«Մանկավարժների լավ աշխատելու գրավականը պետք է լինի բարձր աշխատավարձը: Եթե ուսուցիչը լավ չի վարձատրվում, ստիպված դիմում է այլ միջոցների, - ասում է Նահատակյանը, - Դասերից հետո կարող ես հանդիպել ուսուցչի՝ շուկայում առևտուր անելիս: Եվ պատկերացնու՞մ եք, թե ինչ զգացողություն ունեն աշակերտն ու ուսուցիչը, երբ հանդիպում են միմյանց և՛ դասարանում, և՛ շուկայում»:

30-ամյա Նաիրա Վարդանյանն Էջմիածնից հավատացած է, որ հենց ցածր աշխատավարձերի պատճառով էլ այսօր դպրոցներում տարածված է կաշառակերությունը, որի արդյունքում շատ երեխաների մոտ սովորելու ձգտումը մարում է:

«Մի քանի տարի է, ինչ ձևավորվել է լրացուցիչ, վճարովի պարապմունքների գաղափարը, - ասում է Արմինե Գրիգորյանը, - Ուսուցիչները լրացուցիչ գումար վաստակելու համար դպրոցի դասերից դուրս մասնավոր դասեր են անցկացնում 2000-3000 դրամ ամսավճարով, և ովքեր չեն հաճախում այդ դասերը, ցածր գնահատականներ են ստանում: Նման անարդարության արդյունքում երեխաներից շատերը չեն ուզում դպրոց գնալ և կրթություն ստանալ»:

«Այս ամենի առաջին նախապայմանն այն է, որ մանկավարժներն առավել մեծ ուշադրության արժանանան պետության կողմից և իրենց պաշտպանված զգան, - ասում է ուսուցչուհի Ալինա Թարոյանը, - Չէ որ այս ոլորտի բարգավաճումից է կախված մեր ապագան»:

Համաձայն մեկ այլ տեսակետի, հանրակրթական դպրոցների կրթական մակարդակի վերջին տարիների անկումը պայմանավորված է նրանով, որ ուսուցիչների մեծ մասն այլ մասնագիտություն ունեն և դպրոցում հայտնվում են միայն աշխատանք ստանալու նպատակով:

«Այսօր կրթական համակարգը մղվել է հետին պլան, - ասում է 30-ամյա Գայանե Բաբայանն Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից, - Դրությունը հատկապես անմխիթար է գյուղերում: Շատ ուսուցիչներ խուսափում են աշխատել գյուղերում: Պետք է նպաստավոր պայմաններ ապահովել ուսուցիչների համար, որպեսզի նրանց՝ այդտեղ աշխատելու շահագրգռվածությունն ավելի մեծ լինի: Կրթությունը պետք է թիվ առաջին խնդիրը լինի բարգավաճող երկրի համար»:


  Inside
 

Voter questions, candidate answers

Full story

 
 
 
 

Who will help the pensioners?

Full story

 
 
 
 

Who will stop the corruption?

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Tamper resistant?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Tamper resistant?

Journalists flocked to Zvartnots Airport Tuesday to greet the arrival of plastic boxes, heralded by the Organization for Security and Cooperation in Europe as Armenia's first step toward "transparent" elections. The 2,000 boxes - at a cost of about $4 each - were financed by the US, Swiss, German and Norwegian governments. Newspaperman Tigran Liloyan gave one ballot bucket a test run.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.