ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 7, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Լինելով մի երկրից, որտեղ քաղաքական քարոզարշավը երբեք չի դադարում, ինձ համար անսովոր էր (և բավականին հաճելի), որ Հայաստանում քարոզչության սեզոնը մեկ ամսից էլ կարճ է տևում:

Պաշտոնապես նախագահի թեկնածուները սկսել են իրենց քարոզարշավը հունվարի 21-ին և պետք է ավարտեն փետրվարի 17-ին՝ ընտրություններից երկու օր առաջ:

Ինչպե՞ս կարող է երկիրը հինգ տարով նախագահ ընտրել և նրա ինչ լինելը պարզելու համար ունենալ հինգ շաբաթից էլ պակաս ժամանակ:

Դուք կասեք, որ Հայաստանը փոքր երկիր է: Այո, տարածքի առումով այստեղ նախագահ առաջադրվելը նման է Կալիֆոռնիայի կամ Տեխասի նման նահանգների մարզերի ղեկավարներ առաջադրվելուն:

Ավելացրեք դրան հայերին հատուկ այն բնութագիրը, որ բոլորը ճանաչում են բոլորին՝ ով է եղել այսինչի տատը և շաբաթվա որ օրերին է կախել լվացքը և, դե, էլ ուրիշ ի՞նչ կարող ես ասել մարդու մասին: Այնպես որ, բարձրախոսով մեկ ամիս շատախոսելն առանձնապես չի փոխի այն, ինչ բոլորն առանց այդ էլ գիտեն:

Վերոհիշյալ երկու պայմանների մեջ ամենազվարճալին այն է (որքանով զվարճալի կարող է լինել, ասենք, ավտովթարը), որ այս փոքրիկ երկրում, որտեղ բոլորը ճանաչում են բոլորին, 10 հոգի իրենց թեկնածություն են առաջադրել նախագահության համար:

(Հիշու՞մ եք «կոալիցիայի» մասին ընդդիմության թեկնածուների խոսակցությունները: Ե՞րբ էր դա, երբ 16 կուսակցություններ հայտարարեցին, որ միասնական թեկնածու են առաջադրելու: «Կոալիցիան» տրոհվեց ինը մասի՝ թերևս ապացուցելով, որ ընդդիմությունը կարող է համաձայնության գալ միայն ընդդիմանալու հարցում, ինչպես կուշտ կերած շունը, որը գռմռում է, երբ իր կերին ուրիշ շուն է մոտենում: Ուտել չի ուզում, սակայն ուզում է, որ ուրիշներն էլ չուտեն:)

Ինչևէ: Հիմա պարզ է դարձել, թե ինչու է քարոզարշավի սեզոնն այդքան կարճ: Եթե ավելի երկար լիներ, վերջում ողջ մնացողներ չէին լինի:

«Պաշտոնական» սեզոնին նախորդած ժամանակաշրջանում մի լրագրող վնասվածքներ է ստացել իր ոտքերի տակ նետված ռումբի պայթյունից: Մեկ այլ լրագրողի թերթի ամբողջ տպաքանակը բռնագրավել է մի պաշտոնյա, որին դուր չի եկել թերթում հրապարակված մի հոդված: Եվ, ամենաողբերգականը, սպանվել է մի հեռուստալրագրող, և այդ չբացահայտված սպանության շարժառիթները քաղաքական երանգներ ունեն:

Իսկ այժմ, երբ լրացել է քարոզարշավի երկրորդ շաբաթը, պատկերը հետևյալն է.

  1. Թեկնածուներից մեկին ընտրարշավից դուրս են թողել, որովհետև դատարանը որոշել է, որ նրա քաղաքացիության ժամկետը չի բավարարում օրենքի պահանջներին, և սա մի երկրում, որի գործող նախագահն ինքնահռչակ ինքնավար հանրապետությունից է, որն աշխարհի երկրների մեծ մասի կարծիքով, մտնում է Ադրբեջանի կազմի մեջ:
  2. Մի հեռուստակայան ավերել են, կտրել են կաբելները, իսկ աշխատակազմին վտարել են տարածքից, որովհետև այն եթեր է արձակել ընդդիմադիր թեկնածուի տեսահոլովակը:
  3. Երևանի ծայրամասում հրդեհել են ընդդիմադիր թեկնածուի գովազդային վահանակը:
  4. Գյուղապետերից մեկը հրամայել է գյուղի բնակիչներին տներից դուրս չգալ և չմասնակցել ընդդիմության հանրահավաքին: Պատասխանելով միջադեպի կապակցությամբ լրագրողների հարցին՝ գյուղապետն ասել է, որ նախագահի կողմնակիցն է, և ոչ մի այլ թեկնածու չի անցնելու «իր տարածքում»:
  5. Երկու տարբեր միջադեպերի ընթացքում, մահակներով և ձողերով զինված խուժանը ծեծկռտուքի է վերածել ընդդիմության երկու հանրահավաքները: Ենթադրվում է, որ դրանց կազմակերպիչները նախագահի կողմնակիցներն են:
  6. Այդ միջադեպերից մեկի ընթացքում խորհրդարանի մի անդամի դանակահարելով գրեթե սպանել են, այն բանից հետո, երբ նա իր ատրճանակով օդ է կրակել, փորձելով սաստել ամբոխին: (Ոչ ոք անգամ չի հարցնում, թե ինչու է պատգամավորն ատրճանակ կրում, երևի այստեղ դա ընդունված բան է:)
  7. Թերթերը հրապարակել են մեջբերում Արարատի մարզպետի հայտարարությունից, որտեղ ասվում է, որ եթե թեկնածու Արամ Սարգսյանը (Վազգենի եղբայրը) հանրահավաք անցկացնի Արարատում, «սպանություն կլինի»: Սարգսյանը պատրաստվում է գնալ այնտեղ այսօր՝ 150 ոստիկանի ուղեկցությամբ:

Հաշվի առնելով այն մթնոլորտը, որը տիրում այստեղ դեռևս 17 օր շարունակվելիք քարոզարշավում, որի արդյունքը վաղուց արդեն կանխորոշված է, միգուցե քարոզարշավի հայկական տարբերակի մեկ ամիսն, ի վերջո, այնքան էլ կարճ ժամկետ չէ:


  Inside
 

Decision 2003: Meet the candidates

Full story

 
 
 
 

Decision 2003: Guns, knives, fighting in Artashat. Politics as usual?

Full story

 
 
 
 

Change of Change: New dram coins being circulated into currency current

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Ups and Downs of Campaign 2003

In the second week of campaigning, crowds turned out to cheer President Robert Kocharyan. And a crowd turned riotous at a rally for Aram Karapetyan, leaving MP Hayk Babukhanyan recovering from a stabbing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.