ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 7, 2003 




Ձմեռային աշխարհ. առողջարանային քաղաքը հույս ունի ձյունե դրախտ դառնալ


Երկնքից հանդարտորեն թափվող նուրբ և փոքրիկ փաթիլները մի հսկա ճերմակ սավան են հյուսում Ծաղկաձոր քաղաքի և շրջակա լեռների վրա: Թվում է, թե ձյունն անշունչ է թողնում մերկացած ծառերը՝ միաժամանակ վերածելով ամեն ինչ ձմեռային դրախտավայրի:

Այստեղ՝ Երևանից դեպի հյուսիս երկու ժամվա հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորում են հավաքվում բնության և ձմեռային մարզաձևերի ու հանգստի սիրահարները: Ժամանում են վաղ առավոտից՝ զինված դահուկներով և սահնակներով, և շտապում են Թեղենիս լեռան ստորոտները, որպեսզի ճոպանուղով սլանան դեպի լեռան բարձունքները:

Ճոպանուղու բացօթյա նստարանին մենակ նստած, կոշիկներով դիպչելով ծառերի վերին ճյուղերի կատարներին, թռչնի թռիչքի բարձունքից նայելով լեռներին ու հովիտներին՝ այցելուները սկսում են գիտակցել աշխարհի շշմեցուցիչ գեղեցկությունը:

«Սա մի հրաշք բնություն է, - ասում է 20-ամյա Գուրպրիտ Սինգհը Հնդկաստանից, որը սովորում է Հայաստանի բժշկական համալսարանում և ձմռան ընթացքում մի քանի անգամ իր համակուրսեցիների հետ այցելում է Ծաղկաձոր, - Ես շատ սիրեցի այս վայրը, այն շատ դյութիչ է ինձ համար»:

Խորհրդային տարիներին Ծաղկաձորը ԽՍՀՄ օլիմիպիական հավաքականի գլխավոր մարզաբազան էր, որտեղ կլոր տարին մարզվում էին տարբեր հավաքականներ: Քաղաքում կային շուրջ երեք տասնյակ դպրոցական ճամբարներ, որտեղ իրենց արձակուրդներն էին անցկացնում Հայաստանի հազարավոր դպրոցականներ:

Խորհրդային Միության փլուզումից հետո ճամբարներն ու մարզադահլիճները լքվեցին և թալանվեցին: Սակայն վերջին մի քանի տարիներին Ծաղկաձորը քայլ առ քայլ վերագտնում է հանգստի կենտրոնի իր համբավը:

«Հայաստանը ձմեռային մարզաձևերի զարգացման մեծ ներուժ ունի, - ասում է Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արթուր Զաքարյանը, - Բնությունն իր կողմից ստեղծել է բոլոր պայմանները»:

Զաքարյանի հավաստմամբ, այստեղ հնարավոր է զարգացնել աշխարհում տարածված բոլոր ավանդական ձմեռային մարզաձևերը:

«Սակայն իր ենթակառուցվածքով Ծաղկաձորն առայժմ պատրաստ չէ ձմեռային մարզաձևերի կենտրոն դառնալու: Այն դեռևս չունի համապատասխան փաթեթավորում, որը թույլ կտա համաշխարհային շուկա դուրս գալ: Այժմ այն գործում է միայն ներքին սպառողի համար»:

Բնական պայմանները Ծաղկաձորում ապահովված են, սակայն բացակայում է բարձրակարգ հյուրանոցների ցանցը, բարձրակարգ սպասարկումը, սննդի և վարձույթի կազմակերպման կենտրոնները, որոնք կապահովեն զբոսաշրջիկներին դահուկներով, սահնակներով և սնոուբորդերով:

«Այսօր այս համակարգերը պրիմիտիվ մակարդակի վրա են», - ասում է Զաքարյանը:

Ներկայումս մշակվում է Ծաղկաձորի կառուցապատման գլխավոր հատակագիծը, որի նպատակն է վերածել քաղաքը զբոսաշրջության և սպորտի կենտրոնի:

«Մինչև ամառ՝ հատակագծի պատրաստ լինելուն պես, ներդրողներին պիտի առաջարկենք այն հողատարածքները, որոնք նախատեսված են հանգստյան գոտիներ և պանսիոնատներ կառուցելու համար, - ասում է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, - Համաձայն գործող օրենսդրության, անցկացվելու է մրցույթ, որի արդյունքներով վորոշվելու են հաղթողները»:

Ծաղկաձորն ունի ընդամենը 1700 բնակիչ, որոնք հիմնականում զբաղված են սպասարկման ոլորտում: Որպես լրացուցիչ վաստակի միջոց, նրանք նաև զբոսաշրջիկներին են տրամադրում իրենց սենյակները, դահուկները, սահնակները և ձնագնացները:

Կարելի է վճարել 500 դրամ (մոտ 80 սենթ) և ձիով բարձրանալ մինչև լեռան ստորոտը: Ժամը 3-5 դոլարով կարելի է վարձել սովորական «ղեկով» սահնակ: Բայց մի քիչ սակարկելուց հետո կարելի է նույն գումարով վարձել այն ամբողջ օրվա համար: Դահուկների վարձը սկսվում է 5000 դրամից (մոտ 8,5 դոլար): Ամենաթանկ հաճույքն այստեղ ձնագնաց վարձելն է, որն արժե առնվազն 20 դոլար:

Չորս հարյուր դրամով (մոտ 75 սենթ) ճոպանուղին կբարձրացնի ձեզ լեռան վրա: Այն կառուցվել է 1970 թվականին, ընդհանուր երկարությունը 4595 մետր է և ունի երեք կայան: Թեղենիս լեռան բարձրությունը ծովի մակարդակից 3000 մետր է, իսկ սահուղու երկարությունը հինգ կիլոմետր է:

Լեռան լանջերին կամավոր հերթապահություն են անում «Սպիտակ» ջոկատի փրկարարները, որոնց հավաստմամբ, պատահարի դեպքում մոտ 40 րոպե է պահանջվում տուժածին ներքև իջեցնելու համար: Այս տարի երեք նման դեպք է գրանցվել:

Քաղաքում ներկայումս գործում են երկու տասնյակից ավելի հյուրանոցներ, որտեղ տաք ջրով, հեռուստացույցով և հեռախոսով սենյակի միջին գինը 25 դոլար է: Ավելի հարմարավետ պայմաններ նախընտրողները կարող են հանգստանալ թանկ հյուրանոցներում, որտեղ սենյակների գինը հասնում է 200 դոլարի:

Ավելի համեստ հնարավորություն ունեցողները կարող են գտնել խորհրդային ժամանակներից քիչ փոխված սենյակներ՝ օրական 6 դոլարով: Սակայն գինը խոսում է հարմարությունների որակի մասին:

«Ակնկալվում է, որ մոտակա հինգ տարիներին այստեղ շատ հզոր ենթակառուցվածք կլինի, - ասում է զբոսաշրջության վարչության պետը, - Դա արդեն մեր խնդիրն է, ինչպես փաթեթավորել մեր ապրանքը՝ այն արտաքին շուկայում ներկայացնելու և վաճառելու համար:

«Զբոսաշրջիկի համար առաջնահերթ պայմանները երկրի կայունությունն ու ներքին անվտանգությունն են, իսկ այս խնդիրները մեզ մոտ համեմատաբար բարձր հիմքերի վրա են դրված»:


  Inside
 

Decision 2003: Meet the candidates

Full story

 
 
 
 

Decision 2003: Guns, knives, fighting in Artashat. Politics as usual?

Full story

 
 
 
 

Change of Change: New dram coins being circulated into currency current

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Ups and Downs of Campaign 2003

In the second week of campaigning, crowds turned out to cheer President Robert Kocharyan. And a crowd turned riotous at a rally for Aram Karapetyan, leaving MP Hayk Babukhanyan recovering from a stabbing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.