ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 7, 2003 




«Տնական» երաժշտություն. ջազ-երաժիշտն իր տեղն է գտնում Երևանում


Մի քանի ամիս կարդում էր «Աննա Կարենինան», իսկ հիմա ձեռքին Տոլստոյի «Զբոսանք ցերեկով և քսաներեք հեքիաթներն» են: Մարդիկ կանգնեցնում են նրան փողոցում և հեշտությամբ զրույց են սկսում: «Ինձ ամերիկացի ամուսին գտիր», - բղավում է նրան խոշորամարմին մի կին, մինչ նա կարտոֆիլ է գնում Կոմիտասի շուկայից:

Ընկերների մի մասը նրան Զի է կոչում, մյուսները գերադասում են ազգանունը՝ Նասեր: Նա 32 տարի ապրել է Միացյալ Նահանգներում և երբեք չէր կարծում, որ կյանքն իրեն կբերի Հայաստան: Ոչ էլ կարծում էր, որ ջազը կդառնա իր միակ զբաղմունքը:

Նյույորքցի սաքսաֆոնահար Զաիդ Նասերն, որն այժմ 34 տարեկան է, իր տաղանդը նվիրաբերած կլիներ ամերիկացի հանդիսատեսին, եթե չհայտնաբերեր իր համար Երևանի ընկերական շրջապատը:

Նյու Յորքում ծնված Զաիդը դպրոցն ավարտելիս մտադիր էր շարունակել ուսումը հաղորդակցությունների գծով, սակայն նրա առաջին սերը միշտ էլ երաժշտությունն էր: Դա անցել էր նրան հորից՝ Ջամիլ Նասերից, որը տարիներ շարունակ նվագել էր Բի.Բի. Քինգի նվագախմբում:

Տարիներ անց Զաիդը նվագում էր Նյու Յորքի «Սմոլզ» ջազ ակումբում, որտեղ նրան հանդիպեց Վահագն Հայրապետյանը և հրավիրեց նվագելու Հայաստան:

Նա ժամանեց Հայաստան 2000 թվականի սեպտեմբերին՝ իր ծննդյան օրը և արժանացավ այնպիսի ընդունելության, որ պատկերացնել անգամ չէր կարող:

«Նյու Յորքը բոլորովին ուրիշ է, այնտեղ երկու-երեք ընկեր կարող ես ունենալ, - ասում է նա, - Այնտեղ չես ճանաչում անգամ հարևանիդ, իսկ այստեղ մարդիկ հրաշալի են և շատ ջերմ են»:

Ի տարբերություն շատ օտարերկրացիների, որոնց աշխատավարձերը համապատասխանում են իրենց երկրների ստանդարտներին, ջազմենն ապրում է իր երաժշտությամբ՝ ամսական վաստակելով 200 դոլարից քիչ ավելի, որի կեսը գնում է երկու-սենյականոց բնակարանի վարձին:

Նասերն ասում է, որ սկսել է սիրել տոլման, սակայն իր համար ապուրներ է եփում, որոնք, իր երաժշտության նման, թույլ են տալիս իրեն «իմպրովիզացիաներ» անել:

Վերաբնակ երաժիշտը գրեթե ամեն ինչում նման է իր հայ գործընկերներին՝ մի պարզ բացառությամբ, որ սևամորթ է այս լիովին սպիտակ միջավայրում: Իսկ դրա հետ նա այստեղ պետք է համակերպվեր:

Ակումբում ջազ նվագելը մի կատարյալ հաճույք է Զաիդի համար, մինչդեռ փողոցով քայլելը, ինչպես ինքն է խոստովանում, միշտ չէ, որ հաճելի է լինում: Մարդիկ սևեռուն հայացքով իրեն են նայում, երբեմն նույնիսկ ծիծաղում են:

«Դա ինձ այլևս չի անհանգստացնում, որովհետև ես հասկանում եմ, որ միայն տգետ մարդիկ են այդպես անում, - ասում է նա, - Բայց միևնույն է, երբեմն դա ինձ վշտացնում է, քանի որ ես չեմ կարող պատասխանել: Կուզենայի հայերեն իմանալ, որպեսզի հարցնեի նրանց, թե ինչն է նրանց իմ մեջ ծիծաղելի թվում»:

Սակայն Զաիդին մխիթարում է այն, որ ինքը միշտ շրջապատված է ընկերներով, և իր գույնը նրանց համար ոչ մի նշանակություն չունի:

Մեկ այլ բան, որով Զաիդը տարբերվում է մյուսներից, նրա ապակյա աչքն է: Ծնված օրվանից նա տեսնում է մեկ աչքով և ստիպված է եղել շատ ժամանակ անցկացնել հիվանդանոցներում: Սակայն դա լուրջ պակասություն չի համարում, քանի որ «կարողանում է անել այն ամենը, ինչ անում են նորմալ մարդիկ»:

«Նա շատ լավ ընկեր է, - ասում է Զաիդի հետ նվագող մեկ այլ երաժիշտ Գևորգ Հովհաննիսյանը, - և երբ նվագում է, նրա դրական էներգիան ազդում է մեզ վրա»:

Նվագախումբը, որում նա նվագում է, միշտ նույն կազմը չի ունենում: Չորս-հինգ երաժիշտ են, որոնք մշտապես փոխվում են: Սակայն բեմին սովորաբար լինում է դաշնամուր, հարվածային, վիբրաֆոն, կոնտրաբաս և Զաիդի սաքսոֆոնը:

«Կարևորն այն ունիսոնն է, որ կարողանում ենք ստեղծել», - ասում է վիբրաֆոնահար Տիգրան Փեշտալմաջյանը:

Ներդաշնակությունը, որին հայ երաժիշտները հասնում են նյույորքցի երաժիշտի հետ միասին, Տիգրանի խոսքերով ոչ միայն պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է, այլ հատկապես այն ընկերական և անկաշկանդ միջավայրի, որ կարողանում է ստեղծել Զաիդը:

Նրա ներկայությունը Հայաստանում, հատկապես խորհրդային տոտալիտարիզմի և արտասահմանյան երաժշտության անմատչելիության տասնամյակներից հետո, նաև ջազի իրենց փորձի և կատարողական արվեստի փոխանակման հնարավորություն է ընձեռում տեղի երաժիշտներին:

«Մենք միշը ինչ-որ բան ենք սովորում նրանից, նա էլ սովորում է մեզնից», - ասում է կոնտրաբասահար Սիմոն Դոլմազյանը:

Երբ նրան հարցնում են, արդյոք մտադիր է վերադառնալ Նահանգներ, Զաիդը ժպտում է և ասում է, որ աշխատանքի իր թույլտվությունը դեռ մեկ տարի ուժի մեջ է:

Չնայած համեստ աշխատավարձին, բնակարանի ցածր ջերմաստիճանին, ամերիկացի ամուսին պահանջող կանանց մշտական հետապնդումներին փողոցներում, նա ասում է, որ երջանիկ է, որ այսքան ընկերներ ունի Հայաստանում.

«Ինձ համար այստեղ լինելը շատ հետաքրքիր և էկզոտիկ է»:


  Inside
 

Decision 2003: Meet the candidates

Full story

 
 
 
 

Decision 2003: Guns, knives, fighting in Artashat. Politics as usual?

Full story

 
 
 
 

Change of Change: New dram coins being circulated into currency current

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Ups and Downs of Campaign 2003

In the second week of campaigning, crowds turned out to cheer President Robert Kocharyan. And a crowd turned riotous at a rally for Aram Karapetyan, leaving MP Hayk Babukhanyan recovering from a stabbing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.