ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Բախում կյանքի դժվարությունների հետ. մանկատանը մթնոլորտը ջերմ է, իսկ պայմանները` սառը



Հաջորդ հնարավոր ծնողի սպասումով...

Երբ բացվում է նրանց սենյակի դուռը, Քանաքեռ-Զեյթունի մանկատան երեխաները նայում են սպասումով լի հայացքներով, կարծես ամեն ներս մտնող մեծահասակ կարող է այստեղ եկած լինի իրենց տուն տանելու համար:

Երկու տարեկան Վահանը վազում ու ջերմորեն փարվում է անծանոթ կնոջը՝ համբուրելով նրան ու ձեռքերով շոյելով նրա դեմքը: Երեխաներից մեկը հարցնում է. «Դուք նրան տու՞ն եք տանելու»:

Այդ հարցին հազվադեպ են հաստատական պատասխան տալիս:

1967-1999 թվականներին այս շենքը մանկապարտեզ էր, որտեղ մանուկները հանգստանում ու խաղում էին, իսկ երեկոյան մայրիկների ու հայրիկների ձեռքն ապահով բռնած գնում տուն: Սակայն հինգ տարի առաջ ժամանակի պահանջով այն վերածվեց մանկատան, որպեսզի հոգա այն հայ մանուկների կարիքները, որոնց ծնողները կամ չեն ցանկացել կամ էլ ի վիճակի չեն եղել պահել նրանց:

Մանկատունը հարազատ տուն է դարձել 113 նման երեխաների համար, որոնք բաժանված են տարիքային խմբերի՝ 1-ից 8 տարեկան: Այստեղ նրանց կերակրում ու կրթում են` շրջապատած խաղալիքներով ու ջերմ ժպիտներով:

Նույն տարիքային խմբի երեխաները տեղավորված են նույն սենյակում, որը միաժամանակ ննջասենյակ, ճաշասենյակ ու խաղասենյակ է: Մանկատան լողասենյակները վերջերս նորոգվել են ֆրանսիական բարեգործական մի կազմակերպության միջոցներով: Ութ տարին լրացած երեխաներին տեղափոխում են «Զատիկ» մանկատուն, որը նախատեսված է ավելի մեծ տարիքի երեխաների համար:

«Չափազանց դժվար է հարազատ դարձած երեխաներին տալ ուրիշի ձեռքը, սակայն այստեղ նրանց պարզապես հնարավոր չէ պահել», ասում է ավագ մանկավարժ Քնարիկ Զաքարյանը: Այս մեծ ընտանիքի «ծնողները» հաճախ են այցելում իրենցից հեռացած երեխաներին և երբեք չեն մոռանում նրանց ծննդյան օրերը:
Մանուկներով լի սենյակը կարելի էր այլ կերպ ջեռուցել...

Մանկատան ամենափոքրիկը բնակիչը 1 տարին չբոլորած Թագուհին է, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ է բերվել մանկատուն: Այսօր նա ցրտից կծկվել է իր խնամակալի գրկում ու գլուխը դրել նրա կրծքին:

Իսկ 4-ամյա Ջուլիան նկարում է: Նա ասում է, որ նկարում իր մայրիկն է: «Ես գիտեմ, որ իմ մայրիկը չի գալու, որ ինձ տուն տանի, - ասում է փոքրիկ աղջիկը: - Ես այստեղ եմ մնալու, սա է իմ տունը»:

34 տարվա շենքը կառուցման օրվանից չի նորոգվել, սակայն մանկավարժների հմուտ ձեռքերով հնամաշ պատերը զարդարվել են նկարներով, երեխաների պատրաստած տիկնիկներով ու այլ աշխատանքներով:

Քանաքեռ-Զեյթունի մանկատունը կատարյալ տուն չէ երեխաների համար, սակայն ո՞ր վայրը այդպիսին կլիներ նման ճակատագրի արժանացած մանուկների համար: Բայց երբ գալիս են աշունն ու ձմեռը, այն ավելի անհրապույր է դառնում:

Սենյակները ջերմամեկուսացրել են պոլիէթիլենով, էլեկտրական ջեռուցիչներ են միացնում, սակայն 60-70 քմ սենյակի ջերմությունը 13 աստիճանից չի բարձրանում:

Մանկատանը պետք է սեփական կաթսայատուն, սակայն նման թանկ ծախս՝ մոտ 22000 դոլար, պետբյուջեում նախատեսված չէ: Ամեն տարի պետությունը 80000 դոլար է հատկացնում մանկատանը, թեև նորմալ գործելու համար նրան անհրաժեշտ է ավելի քան 140000 դոլար:

«Ամեն տարի հսկայական գումարներ ենք ծախսում էլեկտրաէներգիայով տաքացնելու համար և, միևնույն է, տառապում ենք ցրտից», ասում է մանկատան տնօրեն Գրետա Հարությունյանը:

Ըստ նախնական հաշվարկների կաթսայատունն արագ կհատուցի ծախսերը, քանի որ կփոխարինի թանկ էլեկտրական ձեռուցիչներին՝ միաժամանակ ապահովելով մանուկներին անհրաժեշտ 18-20 աստիճանը:

Հարությունյանի հավաստմամբ էլեկտրաէներգիայից խնայված գումարներով հնարավոր կլիներ բարելավել երեխաների սնունդը և հագուստը, ավելացնել էքսկուրսիաների թիվը:

«Ծնողների ջերմությունից զրկված այս փոքրիկներն առավել, քան մեկ ուրիշը կարիք ունեն տաքանալու ու հարմարավետ պայմաններում ապրելու, որպեսզի մոռանան իրենց լքված լինելու հիշողությունը, հարազատ տուն ունենալու երազանքը», ասում է Զաքարյանը:

Քանաքեռ-Զեյթունի մանկատան մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (374-1) 25-15-86 կամ (374-1) 25-65-92: «ԱրմենիաՆաուի» «Հայ Ձմեռ պապ» ծրագրին ներդրում անելու համար սեղմեք այստեղ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.