ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 12 , 2003 




Խախտված կապեր. ընտանեկան բռնության զոհ դարձածների ՙՀույսը՚



Վտիտ, կծկված, վախեցած թռչունի աչքերով երիտասարդ կինը գրեթե մանկական անկապ խոսքով, որը շարունակ ընդատվում է հեկեկոցով, փորձում է համապատասխան բառեր գտնել իր պատմության համար...

«Ես սարսափում էի տուն վերադառնալ, վախենում էի, որ կսպանի ինձ», վերջապես ասում է նա ու անմիջապես լռում՝ հասկացնելով, որ դա իր պատմության վերջն է:

23-ամյա Մարիամ Փանոսյանը հայտնվել է Հայաստանի մայրության հիմնադրամի «Հույս» ճգնաժամային կենտրոնում այն բանից հետո, երբ ամուսինը բառացիորեն դուրս է նետել նրան երկրորդ հարկի պատուհանից: Մարիամը միայն թեթև վնասվածքներ է ստացել: Սակայն վախը կարծես հիմնավորվել է նրա հոգում:

Նրան ճգնաժամային կենտրոն են բերել մայրը և մորաքույրը: Նրանք էլ պատմել են կատարվածի մասին ու պնդել են, որ կենտրոնի իրավաբանները ապահարզան ձևակերպեն: Սակայն մասնագետները չեն շտապել ամուսնալուծելու ամուսիններին:

Աշխատակիցների հավաստմամբ կենտրոնի նպատակն է ամրապնդել ընտանիքները, օգնել նրանց հաղթահարելու կոնֆլիկտային իրավիճակները, և իրենք խորհուրդ են տալիս ամուսնալուծվելու միայն ծայրահեղ դեպքերում:

«Հույսը» երկու բաժանմունք ունի՝ ընտանեկան կենտրոն և ապաստարան բռնության զոհերի համար: Մեկ ամիս ընտանեկան կենտրոնում խորհրդատվություն ստանալուց հետո Մարիամը (հոդվածում նրա անունը փոխված է ապահովության նկատառումներով) և նրա երկու երեխաները մեկ ամիս էլ անց են կացրել ապաստարանում՝ հոգեբանական վերականգնման համար: Միաժամանակ «Հույսի» մասնագետները աշխատել են նրա ամուսնու հետ՝ փորձելով պարզել բռնության պատճառները:

«Շատ կարևոր է, որ այն ընտանիքների ամուսիններն ու անդամները, որտեղ կանֆլիկտ կա, իմանան մեր գործունեության մասին: Այլապես անհնար կլինի բռնության զոհի վերադարձը տուն», ասում է Մայրության հիմնադրամի նախագահ Սուսաննա Ասլանյանը:

Ճգնաժամային կենտրոնի աշխատակիցները ձգտում են հնարավորինս հարմարվելու տեղի հայկական պայմաններին: Ապաստարանը նրանք անվանել են «Մոր և մանկան տուն»՝ հուսալով, որ այդ անվանումն առաջ չի բերի հասարակության բացասական վերաբերմունքը:

«Մեզ մոտ ընդունված չէ ընտանեկան պրոբլեմները քննարÏ»լ ուրիշների հետ, իսկ բռնությունը գրեթե արգելված թեմա է, - ասում է Ասլանյանը: - Որոշ մարդիկ առ այսօր այն կարծիքին են, որ հայկական ընտանիքներում բռնություն չկա ու չի կարող լինել»:

2002 թվականին Մայրության հիմնադրամը հետազոտություն է անցկացրել 1200 ընտանիքներում: Արդյունքները ցույց են տվել, որ կանանց 35 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 70 տոկոսը՝ հոգեբանական, իսկ 0,3 տոկոսը գանգատվել է սեռական բռնությունից:

«Շատ կանայք անգամ չեն գիտակցում, որ աշխատելու, ընկերների հետ շփվելու կամ որոշակի հագուստ կրելու արգելքը կարող է որակվել որպես բռնություն: Նրանք նաև չեն գիտակցում, որ իրենք պետք է բողոքեն ոչ թե այն ժամանակ, երբ ծեծը տանը դարձել է սովորական երևույթ, այլ անմիջապես առաջին ապտակից հետո», ասում է Ասլանյանը:

Այն հարցին, թե արդյոք ընտանեկան բռնությունը Հայաստանում սպառնալի չափեր ունի՝ Սուսաննա Ասլանյանը պատասխանում է հակափաստարկով.

«Եթե կա պրոբլեմ, և ոչ մի միջոց չի ձեռնարկվում այն մեղմելու կամ արմատախիլ անելու համար, ապա միանգամայն հնարավոր է, որ այն ընդլայնվի և սպառնալից բնույթ ստանա: Իրավիճակը բարդանում է նրանով, որ առկա են սոցիալական դժվար պայմաների հետ կապված ծանրացուցիչ գործոններ: Տղամարդկանց և կանանց միջև ավանդական դերային ֆունկցիաների փոփոխությունները նույնպես նպաստում են բռնությունների հրահրմանը: Այսօր կանայք երբեմն դառնում են ընտանիքի կերակրողը, մինչդեռ ավանդաբար ընտանիքի կերակրողը և հետևաբար գլուխը պետք է լինի ամուսինը», ասում է Ասլանյանը:

Մարիամ Փանոսյանի ընտանիքում չկային «ծանրացուցիչ» գործոններ. ամուսինը ընտանիքի կերակրողն ու անվիճելի հեղինակությունն էր:

«Մարիամի պրոբլեմը գալիս է մանուկ տարիքից, - ասում է հոգեբան Աննա Բադալյանը: - Նա շատ ագրեսիվ մայր ունի, որն արգելել է աղջկան ընկերներ ունենալ, պարզապես տնից դուրս գալ: Մարիամը բոլորովին հարմարված չի եղել արտաքին աշխարհին, նա մեծացել է ինքնամփոփ և չշփվող»:

Մարիամի համար ամուսին ընտրել է մայրը, երբ աղջիկը 17 տարեկան է եղել: Կարծես նախանձելի փեսացու էր՝ ունևոր, շփվող, երկար ժամանակ Եվրոպայում ապրած: Մարիամը նրան իդեալական կին է թվացել՝ գեղեցիկ ու համեստ: Նրանց համատեղ կյանքի առաջին ամիսն անցել է շատ հարթ: Կոնֆլիկտները սկսվել են, երբ պարզվել է, որ Մարիամը, որը պատրաստվում էր մայր դառնալու, ինքն է դեռևս երեխա:

«Մենք զրուցեցինք նրա ամուսնու հետ: Նրան հավասարակշռությունից հանել է կնոջ հասունության պակասը. կինը չի կարող ո՛չ ճաշ եփել, ո՛չ գնումներ անել, - ասում է հոգեբանը: - Ամուսինն իր վրա է վերցրել ընտանիքի ամբողջ հոգսը, երեխաներին, բայց միևնույն ժամանակ նա խիստ զայրացել ու ամաչել է կնոջ իներտությունից, հատկապես ընկերների և ազգականների շրջապատում, որոնք ծաղրել են իրեն: Դա էլ հանգեցրել է պոռթկման, և նա Մարիամին դուրս է նետել պատուհանից»:

Փանոսյանները միակ զույգն էին ամբողջ տարվա ընթացքում, որին կենտրոնն օգնեց ամուսնալուծվելու: Մարիամը մնաց երկու երեխաների հետ՝ երկուս ու կես և հինգ տարեկան:

«Մենք օգնեցինք Մարիամին աշխատանք գտնելու: Նա դառնում է ավելի անկախ, ինքնավստահ: Սակայն նա դեռ չի կարողանում հանգիստ, առանց արցունքների խոսել ամուսնու և իր հետ կատարվածի մասին: Հոգու խորքում նա թերևս հույս ունի, որ մի օր իրենք կմիանան», ասում է հոգեբան Բադալյանը:

«Հույս» ճգնաժամային կենտրոնի ծառայություններից նրա գոյության մեկ տարվա ընթացքում օգտվել է 566 մարդ (385 կին, 93 տղամարդ և 88 երեխա): 49 կին մեկ շաբաթից մինչև մեկ ամիս ժամանակ է անցկացրել ապաստարանում:

Հայաստանի մայրության հիմնադրամի «Ընտանեկան բռնության զոհերի աջակցության ծրագիրը» նախատեսված է երկու տարվա համար և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից:

«Հաջորդ տարվա աշնանը կենտրոնը կկանգնի փակման սպառնալիքի առաջ, - ասում է Ասլանյանը: - Բայց ինչպե՞ս կարելի է դուռը փակել այն մարդկանց երեսին, ովքեր ունեն մեր օգնության կարիքը: Այդ է պատճառը, որ արդեն այսօր մենք փնտրում ենք հնարավոր դոնորների, ովքեր կօգնեն կենտրոնին պահպանելու այս շենքը»:

«Հույսի» մասին տեղեկություններ ստանալու համար զանգահարեք (374-1) 28-75-49 կամ այցելեք maternity@infocom.am հասցեն: «ԱրմենիաՆաուի» «Հայ Ձմեռ պապ» ծրագրում ներդրում անելու համար սեղմեք այստեղ:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Good Morning Yerevan

It is the season of gray mornings in Yerevan. Unlike last year, December has, so far, been mild.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.