ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 20, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Անհետացման եզրի՞ն. նվազել են ժամանակին Սևանա լճում առատ ձկան ռեսուրսները


Սևանա լճի ափերին գոյատևման օրենքը բախվում է երկրում գործող օրենքի հետ. ձկնորսական կանոնակարգը մեծապես անտեսվում է գյուղերի ձկնորսների կողմից, որոնց կենսական պահանջները սեզոն չեն ճանաչում:

Բնապահպաններն անհանգստանում են, որ շուրջտարյա ձկնորսությունը Հայաստանի ձկան հիմնական աղբյուր հանդիսացող Սևանա լճում շուտով կսպառի մեծ լճի ռեսուրսները:

Անցած տարիների ընթացքում Սևանում բազմանում էին մի քանի ձկնատեսակներ, այդ թվում՝ մի քանի էնդեմիկ տեսակներ: Տարեց ձկնորսներն ու վաճառողները հիշում են, երբ իշխանն առատ էր և տեղական համադամ էր հանդիսանում:

Ներկայումս իշխանը հիմնականում վերացել է, և նրա տեղը գրավել և բազմանում է նվազ արժեքավոր ձկնատեսակ՝ սիգը: Սակայն բնապահպաններն ու գիտակից ձկնորսները մտահոգված են, որ ձկնորսության թույլատրելի ծավալների գերազանցումը վտանգում է անգամ դիմացկուն սիգի գոյությունը:

Համաձայն Հայաստանի Բնապահպանության նախարարի թիվ 148 հրամանի, նոյեմբերի 26-ից մինչև այսօր՝ դեկտեմբերի 20-ը, Սևանում ձկնորսությունն արգելված է, քանի որ դա սիգի ձվադրման շրջանն է:

Սակայն քչերն են ուշադրություն դարձնում օրենքին՝ փոխարենն անսալով առօրյա կարիքներին...

"We used to catch 2,000 . . ."«Եթե արգելվում է ձկնորսությամբ զբաղվել, նշանակում է, իմ երեխաները սոված պիտի մնան, - ասում է ձկնորս Արմեն Գրիգորյանը Նորատուս գյուղից, - Մարդիկ մեր գյուղում աշխատանքի այլընտրանք չունեն, ուրիշ ի՞նչ կարող են անել իրենց ընտանիքները պահելու համար»:

Ցուրտ նոյեմբերյան օր էր՝ Սևանում ձկնորսության վերջին «օրինական» օրը:

25-ամյա Արմեն Գրիգորյանն ու 21-ամյա Իգիթ Ասատրյանը դիմակայում էին գորշ ամպերի մռայլ լուսաբացին, ցրտաշունչ քամուն և մեծ լճի կատաղի ալիքներին:

Հագնելով աշխատանքային վերնազգեստը՝ երիտասարդները հետևում են, թե ինչպես է մոտեցող փոթորկից ալեկոծվում լիճը: Նրանք հագնում են մինչ ծոծրակը հասնող ռետինե համազգեստները և ռետինե ձեռնոցները՝ չոր բրդյա ձեռնոցների վրայից: Մոտորանավակով շտապում են դեպի լճի խորքը, որպեսզի մինչ եղանակի փչանալն ավարտին հասցնեն իրենց գործը:

Այնտեղ՝ լճում, 200 մետր երկարությամբ 11 ցանցերն են, որոնք մեկ օր առաջ են իջեցվել լիճ և որոնցում, Արմենն ու Իգիթը հուսով են, տասնյակ սիգեր են սպասում իրենց:

Երեք ժամ անց ձկնորսները վերադառնում են՝ ամբողջությամբ թրջված ու ցրտից կարմրած: Հսկա շներն անհամբեր սպասում են իրենց բաժնին և առաջինն են համտեսում օրվա որսը:

Fishdogs enjoy Armen and Igit's catchԱյդ օրը 270 սիգ է ընկել ցանցերը, և հիմա ձկնորսները հանձնում են ձուկը չարենցավանցի վաճառական մի կնոջ, որը 100 դրամ է (մոտ 17 սենթ) վճարում յուրաքանչյուր ձկան համար. երկու ցուրտ օրվա աշխատանք, որը վերածվում է 45 դոլարի (ծախսերը չհաշված):

Շրջանում ձևավորված շուկայում Արմենի և Իգիթի նման շատ ձկնորսներ իրենց որսը վաճառում են Հայաստանի տարբեր վայրերից ժամանած առևտրականներին, որոնք շտապում են ձուկը թարմ հասցնել իրենց վաճառքի կետերը: Մոտ 17 սենթով գնված ձուկը քաղաքում վաճառվում է մոտ 23 սենթով:

Այնպես որ, Արմենի և Իգիթի որսած 270 ձկները վաճառողին 16 դոլար շահույթ կբերեն:

«Հարյուր դրամը շատ լավ գին է ամռանը, - ասում է Իգիթը, - Եղել են օրեր, երբ ձուկը վաճառել ենք ընդամենը 5 դրամով, քանի որ շոգի պատճառով այն ջրից հանելուն պես սկսում է հոտել: Անգամ օր է եղել, երբ ստիպված հոտած ձուկը ճայերի կեր ենք դարձրել»:

Սա մի աշխատանք է, որ կողոպտում է բնությունը, և, միաժամանակ, կախված է բնությունից:

Նաև բախտից, ասում է Արմենը:

«Մի օր լավ է, մի օր վատ: Այսօր ցանցերը չարդարացրին իրենց, որսը լավը չէր: Պատահել է, որ որսացել ենք մինչև 2000 ձուկ, նավակում անգամ կանգնելու տեղ չէր մնացել»:

Եվ այս պարզ թվաբանական հաշվարկը ներկայացնում է այն մարդկանց մտահոգությունը, ովքեր Սևանա լիճը համարում են հանրապետության գլխավոր բնական ռեսուրսն ու հանրապետության տնտեսության խթանիչը:

Բնապահպանության նախարարությունը 2002 թվականին թույլատրել է որսալ 600 տոննա ձուկ: Սակայն ոչ ոք չի կարող հստակ ասել, թե քանի տոննա են որսացել:

Այդ մասին որոշ պատկերացում կարելի է կազմել Նորատուսի ձկան մշակման արտադրամասերից մեկում: Այստեղ բանվորները յուրաքանչյուր մաքրած ձկան համար ստանում են մոտ 1 սենթ: Արտադրամասի հինգ բանվորներն օրական մաքրում կամ ծխեցնում են մոտ 4000 ձուկ (երբեմն՝ երկու անգամ ավելի):

Scalers get a penny a fish for their workՄիջին հաշվով, 4000 սիգը կշռում է 1600 կգ: Տասն ամսվա ընթացքում ձկնորսները միայն այս մեկ ձկնամշակման արտադրամաս են հանձնում մոտ 480 տոննա ձուկ: Իսկ Սևանի լճի շրջակայքում կան տասնյակ նման վերամշակման արտադրամասեր:

Սիգը Սևանա լիճ է բերվել 1920-ականներին Ռուսաստանից, երբ հետազոտությունները պարզեցին, որ լճում առավել տարածված իշխանը սնվում է միայն հատակային կենդանիներով: Սիգը, որը սնվում է ջրի վերին շերտերի օրգանիզմներով, բերվեց Սևան՝ որպես լրացում լճում արդեն գոյություն ունեցող տեսակների:

Սակայն հետագա մոտ 40 տարիների ընթացքում, սիգի քանակը զգալի աճ չունեցավ:

Սակայն 1960-ականներին սիգը սկսեց աճի նշաններ ցուցաբերել, որն, ըստ գիտնականների, բացատրվում էր հիմնականում ճահճացմամբ, որը վատ էր խորքային մասերում սնվող ձկների համար, սակայն լավ էր սիգի համար:

«Բոլոր լճերն ունեն էֆտրոպացման (նախաճահճացման) միտում, և սովորաբար այդ գործընթացը տևում է շուրջ 1000 տարի, - ասում է Հայաստանի Ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն Բորիս Գաբրիելյանը, - Սակայն այս դեպքում, անտրոպոգեն գործոնների պատճառով այս գործընթացն արագացել է: Փաստորեն վերջին 50 տարվա ընթացքում՝ լիճն աղտոտելով, ջրի մակարդակը կտրուկ իջեցնելով և նրա ջերմաստիճանը բարձրացնելով, մենք արագացրել ենք այդ գործընթացը մոտ 500 տարով»:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1970-ից մինչև 1990 թվականները սիգի պաշարները Սևանում աճել են մոտ 10000-ից մինչև մոտ 25000 տոննա:

Սակայն 2000 թվականին այդ ցուցանիշն իջել է մինչև 5000 տոննա: Քանակի նվազման հետ աճել են ձկան չափսերը, քանի որ այժմ ավելի փոքրաթիվ ձկներն ավելի շատ կեր ունեն:

«Որակի տեսակետից սա լավ է, սակայն վատ է քանակի տեսակետից, - ասում է Գաբրիելյանը, - Դա նշանակում է, որ ձկան քանակը սկսել է պակասել»:

«Հիմա շատ ձկնորսներ զբաղվում են ձկնագողությամբ: Շատերը գերադասում են ներքին կարգով լուծել իրենց խնդիրները, այլ ոչ թե իրենց համար ավելորդ գլխացավանք ստեղծել՝ պետության հետ հարաբերությունների մեջ մտնելով»:

Ըստ «Սևան» Ազգային պարկի տվյալների՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ, արգելված շրջանում ձկնորսությամբ զբաղվողներից հայտնաբերվել և առգրավվել է 1600 սիգ, 72 ձկնորսական ցանց, 152 խեցգետնորս և 4 լողամիջոց:

«Եթե սիգի որսը շարունակվի այս տեմպերով, ապա հնարավոր է, որ նրա պաշարները նվազեն, - ասում է Գաբրիելյանը, - Հաշվի առնելով, որ սիգն այսօր Հայաստանի արդյունահանվող հիմնական ձկնատեսակն է, հնարավոր է, որ մոտ ապագայում Սևանում ընդհանրապես չունենանք որևէ նորմալ ձուկ»:


 

Conscience on Trial: Jehovah's Witnesses continue to face imprisonment for religious beliefs

Full story

 
 
 
 

Flight of Fright: Armenian woman says Azeris detained, threatened her at airport

Full story

 
 
 
 

Spawning Extinction?: Once abundant fish source now decreased in Lake Sevan

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2019. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.