ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 20, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Բիզնեսի սահմաններ. ազգությունները խառնվում են իրար հյուսիսային շուկայի առևտրում


Azerbaijani women from Georgia bringing merchandise in Armenia.Հսկա պայուսակների ծանրությունից կռացած ծեր կանայք և տղամարդիկ, մրգով և բանջարեղենով լի ձեռնասայլակներ քարշ տվող դեռահասներ, պարզապես թափառող կամ ինչ-որ տեղ շտապող մարդիկ՝ սա է տոների նախօրեին Սադախլոյի շուկայի սովորական պատկերը:

Վրաստանի հետ Հայաստանի հյուսիսային սահմանում գտնվող այս շուկան տարածվում է երկու գյուղերի վրա՝ Հայաստանի Բագրատաշենի և Վրաստանի Սադախլոյի: Սակայն մարդիկ այն պարզապես անվանում են «Սադախլոյի շուկա»:

Այստեղ տոնական գնումներ կատարողները կարող են գտնել ցանկացած ապրանք՝ մանդարին Բաթումից (Վրաստան), նուռ Գյանջայից (Ադրբեջան), ընկուզեղեն Նախիջևանից, բանջարեղեն Հայաստանից և հագուստ Բաքվից:

Սա միակ տեղն է, որտեղ հայերն ու ադրբեջանցիները յոլա են գնում իրար հետ՝ մոռանալով այն, ինչ իշխանությունները խոչընդոտ են համարում լավ հարաբերությունների համար:

Լայն և կոր կամուրջը կապող օղակ է երկու երկրների միջև և հանդիսանում այն վայրը, որտեղ իրենց արտահայտությունն են գտնում առևտրի հին ավանդույթները: Թեև վաճառողների և գնորդների հոսքը խստորեն վերահսկվում է սահմանապահների և մաքսատան ծառայողների կողմից (և՛ հայկական, և՛ վրացական), մարդիկ անարգել կտրում-անցնում են սահմանը:

«Մենք այստեղ բոլորին գիտենք, - ասում է երիտասարդ վրացի զինվորը, - կանգնեցնում ենք միայն նոր մարդկանց»:

Շուկայում աշխատող մարդկանց, կարծես, բոլորովին չի հուզում իրենց էթնիկական բազմազանությունը, նրանք չեն մտածում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա թշնամանքի մասին: Նրանք առևտրականներ են, և նրանց միավորում է բիզնեսը: Նրանք բոլորն էլ՝ բախվելով իրենց քաղաներում տիրող աղքատությանը, փորձում են գոյատևման ձևեր գտնել:

Zohra and Rizvan get up a 3 a.m. to go to workԶոհրա և Ռիզվան Ալիևներն ադրբեջանցի ամուսիններ են վրացական Արափլո գյուղից: Գրեթե մեկ տարի է, ինչ նրանք Սադախլոյի շուկայում արքայախնձոր և խուրմա են վաճառում: Նրանց առևտուրը դեռևս շատ շահույթ չի բերում, սակայն շաբաթը յոթ օր աշխատելով՝ նրանց երբեմն հաջողվում է ամսական 250 դոլար վաստակել:

Զոհրան և Ռիզվանը երկուսն էլ 40 տարեկան են և ունեն 3 երեխա: Ամեն օր նրանք արթնանում են առավոտյան ժամը 3-ին, որպեսզի ավտոբուսով երկու ժամվա ճանապարհ կտրելով՝ ժամը 6-ի մոտ հասնեն Սադախլո՝ շուկայի բացմանը: «Մենք աշխատում ենք արևածագից մինչև մայրամուտ, - ասում է Ռիզվանը: «Շատ դժվար է, սակայն մեր ընտանիքին երբեմն նույնիսկ հացը չի բավականացնում», - ավելացնում է նրա կինը:

Այն հարցին, թե ինչպես են առևտուր անում հայերի հետ, Ալիև ամուսինները պատասխանում են, որ չեն կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ վատացնի հարաբերությունները հարևանների հետ: Նրանց առօրյա խնդիրներն այնքան հեռու են երկու երկրների կառավարությունների միջև եղած քաղաքական լարվածությունից, որ նրանց հետաքրքրող նորությունները վերաբերում են միայն մանդարինի օրվա գնին և թե ինչպիսին է եղել այս տարվա նռան բերքն Ադրբեջանում:

Բագրատաշենում ապրող հայազգի Սեյրան Բեջանյանը շուկայի մուտքի մոտ գտնվող վագոնի մեջ տեղադրված սրճարանի տերն է: Նա ասում է, որ իր հաճախորդները տարբեր են. ոմանք աղմկոտ են և խմել են սիրում, մյուսները լուռ են և միշտ շտապում են: Նա իր հաճախորդների ազգության վրա երբեք ուշադրություն չի դարձնում: Բոլորի հանդեպ քաղաքավարի է և փորձում է նրանց համար հաճելի պայմաններ ստեղծել:

«Պատերազմի մասին մարդիկ այստեղ չեն խոսում, - ասում է Սեյրանը, - Քիչ առաջ մի սեղանի մոտ միասին ճաշում էին հայերը, վրացիները և ադրբեջանցիները: Նրանք մի ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ շահը»:

Սեյրանը, որն իր ամբողջ կյանքն ապրել է Բագրատաշենում, վերհիշում է, որ շուկան ստեղծվել է 90-ականների վերջում և սկզբում այնտեղ ոչինչ չկար: Ամեն ինչ սկսվեց մրգից:

«Մեր Բագրատաշեն գյուղը սկսած հին ժամանակներից երբեք հարևան Սադախլոյի հետ խնդիրներ չի ունեցել, - վերհիշում է Սեյրանը, - Սկզբում մեր գյուղացիները ընկերաբար խնդրում էին հարևաններին մի քիչ միրգ բերել Վրաստանից: Ապրանքը տեղափոխում էին սայլակներով, hետո՝ մեքենաներով, և վերջում՝ բեռնատարներով: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց»:

Սական շուկան միայն վաճառողներն ու նրանց էթնիկական ծագումը չէ: Երևանից շատ գնորդներ 220 կմ ճանապարհ են կտրում, որպեսզի հասնեն այստեղ և ավելի էժան ապրանքներ գնեն: Սովորաբար այստեղ մրգի և բանջարեղենի գները Երևանի և Վանաձորի պես քաղաքների գների կեսն են կազմում:

Որոշ մարդիկ «այստեղ են հասնում մի տաբատ գնելու համար», ինչպես արտահայտվեց մաքսատան մի ծառայող: Ըստ երևույթին, հետադարձ ճանապարհածախսն նրանց ավելի քիչ է հուզում, քան Երևանում նույն տաբատի համար վճարելիք գինը:


 

Conscience on Trial: Jehovah's Witnesses continue to face imprisonment for religious beliefs

Full story

 
 
 
 

Flight of Fright: Armenian woman says Azeris detained, threatened her at airport

Full story

 
 
 
 

Spawning Extinction?: Once abundant fish source now decreased in Lake Sevan

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.