ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 13, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հաղթահարելով ձայնային խոչընդոտը. չնայած ցածրակարգ կրկնօրինակմանը՝ լատինամերիկյան սերիալները գտնում են իրենց հայ երկրպագուներին


Juan and Maria? No, Hamlet and Ruzanna.Այլ երկրների նման, Հայաստանում նույնպես սիրում են աղմկոտ սկանդալները, հուզվում և զայրանում են ուրիշների դժբախտություններով: Այդ հետաքրքրությունն է, որ նման մեծ լսարան է ապահովում հեռուստասերիալներին կամ, ինչպես դրանք կոչում են արևմուտքում՝ «օճառային օպերաներին»:

Մի որոշ ժամանակ՝ անկախացումից շատ չանցած, «Դալասի» և «Սանտա Բարբարայի» նման սերիալները գերել էին տեղի հեռուստադիտողին: Սակայն 1998-ին, երբ այստեղ սկսեցին ցուցադրել «Ստրկուհի Իզաուրա» բրազիլական հեռուստասերիալը, հայաստանցիները հնարավորություն ստացան վայելելու ուրիշների սկանդալների իրենց օրաբաժինը:

«Ստրկուհի Իզաուրայի» ցուցադրման ժամերին փողոցում գրեթե անցորդ չէր լինում, քանի որ բոլորը շտապում էին տուն՝ վայելելու հերթական սերիան: Այդ տարիներին Հայաստանում և Խորհրդային Միության մյուս հանրապետություններում ծնվեցին բազում Իզաուրաներ, մեծ տարածում գտան բրազիլական այլ անուններ:

Տարիների ընթացքում սերիալների աղմուկը նվազեց, բայց այսօր էլ Խուան Կառլոսներն ու Մարիա Ռոզաները շատերի կյանքի մասն են կազմում:

Սակայն սերիալների հայ սիրահարների համար միշտ եղել է մի խոչընդոտ: Բրազիլացի դերասանները հայերեն չեն խոսում: Իսկ համաձայն օրենքի, հայկական ալիքներով ցուցադրվող բոլոր ծրագրերը պետք է լինեն հայերեն լեզվով:

Այնպես որ, Խուան Կառլոսներին և Մարիա Ռոզաներին հարկավոր են հայերեն ձայներ:

Եվ նրանք ստանում են այդ ձայները, օրինակ՝ Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասաններ Համլետ Համբարձումյանի և Ռուզաննա Գասպարյանի օգնությամբ:

Հայաստանում գործող գրեթե բոլոր 16 հեռուստաընկերությունները ցուցադրում են տարբեր բրազիլական կամ մեքսիկական սերիալներ, սակայն դրանցից, հայերեն (և ոչ թե հայերեն) կրկնօրինակված են միայն երկուսը՝ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Մադալենայի հանդարտ կրքերը» և «Շանթ» հեռուստաընկերության «Յագո - մթին կիրք» ֆիլմերը:

Սակայն սրանցից և ոչ մեկը չի կրկնօրինակվում պրոֆեսիոնալ ստուդիայում, և...

Tigran Khzmalyan: " . . . low quality, wrongly translated."«Ես համոզված եմ, որ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Մադալենայի հանդարտ կրքերը» ֆիլմը շատ ավելի հետաքրքիր է, քան Ռուսաստանի Առաջին ալիքով ցուցադրվող «Ընտանեկան կապերը», - ասում է սերիալների սիրահար 64-ամյա Ռիտա Միրաքյանը, - սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում ստիպել ինձ նայել հայերեն կրկնօրինակված ֆիլմը. ձայները սարսափելի են հնչում, որակն ահավոր է, ավելի լավ կլիներ ռուսերեն կրկնօրինակումը թողնեին»:

Այսօր ռուսական գրեթե բոլոր հեռուստաընկերություններն ունեն սեփական նկարահանող ընկերությունները, որոնք տարեկան միջին հաշվով 10 սերիալ են նկարահանում այնպիսի ռուսական կինոաստղերի մասնակցությամբ, ինչպիսիք են Ալեքսանդր Աբդուլովը, Մարիա Միրոնովան, Սերգեյ Բոնդարչուկը և այլոք:

Հայկական հեռուստաընկերությունները սեփական սերիալներ նկարահանելու համար բավարար միջոցներ չունեն և այդ պատճառով ցուցադրում են բրազիլականները, որ ձայնագրում են Ռուսաստանի տարբեր մասնավոր ալիքներից: Պորտուգալերեն կամ իսպաներեն խոսքը դառնում է ռուսերեն, իսկ հետո՝ հայերեն: Զարմանալի չէ, որ որակը տուժում է:

Հանրային հեռուստատեսությունը և «Շանթ» մասնավոր հեռուստաընկերությունը ստեղծել են կրկնօրինակման ստուդիաներ, որոնք ունեն ձայնամեկուսիչ պատեր, համապատասխան տեխնիկա, սակայն չունեն աշխատանքի փորձ և բարձր որակ ապահովելու ձգտում: Ընկերությունները գտնում են, որ չարժե գումար ծախսել նոր ծրագրեր ստեղծելու վրա, եթե կա պահանջարկ բրազիլական ծրագրերի նման արտադրանքի նկատմամբ, նույնիսկ վատ կրկնօրինակմամբ:

«Հնարավորություն չունենք կրկնօրինակելու բոլոր ֆիլմերը, բացի այդ, ժողովուրդը պարզապես չի դիտի հոլիվուդյան որևէ ֆիլմ հայերեն կրկնօրինակմամբ: Իսկ սերիալներ կրկնօրինակելը համեմատաբար հեշտ է, - ասում է «Շանթի» ծրագրերի տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Հանրային հեռուստատեսության Կինոծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Ավետիսյանի հավաստմամբ, Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերի ու մուլտֆիլմերի 90 տոկոսն արդեն հայերեն է: Հաջորդ տարի նրանք կապահովեն 100 տոկոսով հայերեն եթեր, ինչպես պահանջում է պետական կանոնակարգը:

«ժամանակի հարց է, դեռ նոր ենք սկսել կրկնօրինակել, մեր ստուդիան նոր է, մի քանի տարի հետո, կարծում եմ, առավել որակյալ կրկնօրինակումներ կանենք», - ասում է Ղազարյանը:

Սակայն պրոֆեսիոնալ կրկնօրինակումը Հայաստանում նորություն չէ: Սկսած 1969 թվականից «Երևան» ստուդիան ռուսական ծրագրեր էր կրկնօրինակում, և, ոմանց հավաստմամբ, դրանք ավելի հաճելի էր դիտել հայերեն լեզվով, քան բնագրով: Ֆիլմերը և մուլտֆիլմերը կրկնօրինակում էին հայտնի դերասանները:

«Մենք կեսդարյա փորձ ունեցող կրկնօրինակման ստուդիա ունենք, սակայն ոմանք սուբյեկտիվ, անձնական պատճառներով գերադասում են ստեղծել նոր կրկնօրինակման ստուդիաներ, և հեռուստադիտողին հրամցնում են անորակ և սխալ թարգմանությամբ հայերեն կրկնօրինակումներ», - ասում է ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանը:

Կրկնօրինակման վետերան Ժաննա Ամիրջանյանն ասում է, որ կրկնօրինակելն «ավելի դժվար է, քան բեմում խաղալը»:

Դերասանուհին համարում է, որ ամոթալի է անտեսել բազում տարիների փորձ ունեցող ստուդիան և արդյունքում ցածր որակի ծրագրեր ցուցադրել:

Իսկ այդ ընթացքում Բրազիլիայում ծնված և հայկական ձայներ ստացած կերպարները շարունակում են ժողովրդականություն վայելել Հայաստանում՝ թերևս ապացուցելով այն փաստը, որ վուայերիզմը և ուրիշի կյանքի վերապրումն իր սեփական լեզուն ունի:


  Inside
 

Uneasy Relations: Armenians in Russia await outcome of contentious trial

Full story

 
 
 
 

Self-sustained Living: Building managers meet to discuss concepts of condominium life

Full story

 
 
 
 

Buried Secrets: Archeological site holds centuries of history

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.