ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 13, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Թանգարան Լաչինի միջանցքում. պահպանվում են պատմության պատառիկները


Director Hovhannisyan travelled to 47 villages.Անցյալ ամիս թանգարան է բացվել Ծիծեռնավանք գյուղում, որը Հայաստանը և Ղարաբաղն իրար կապող միջանցքի մի մասն է կազմում և որտեղ 1990-1994 թվականներին դաժան մարտեր էին գնում: Նախկինում Լաչինի շրջան կոչվող այս տարածքն այժմ կոչվում է Քաշաթաղ:

Այս տարածքը նոր են սկսել վերաբնակեցնել, և այդ ծրագրի մի մասն են կազմում հայկական պատմական հուշարձանների ուսումնասիրությունները:

Ներկայումս թանգարանում ցուցադրված են 5-րդ դարի մի մոմակալ, գառը գրկին կնոջ մի արձանիկ, կենցաղային իրեր և գերեզմանային կղմինդրներ, որոնք թաղումների ժամանակ դագաղի դեր են կատարել:

Սակայն կարևորագույն գտածոներից մեկն ամբողջությամբ ցուցադրված չէ, քանի որ, ինչպես վարչակազմի ղեկավարն է ասում, չափազանց դաժան պատկեր է:

Ամբողջական գտածոյի մասին, որն իրենից ներկայացնում է մարդկային գանգ՝ մեջը խրված գամերով, պատկերացում են տալիս միայն մարմարե գերեզմանաքարի մի կտոր՝ «Ծատուր» մակագրությամբ, և գամերը:

Գանգը և կմախքի մի քանի հատվածները հայտնաբերվել են պեղումների ժամանակ՝ վանքի պատի տակ: Մասնագետներից առնվազն մեկի կարծիքով, դա 6-րդ դարի քրիստոնյա մի նահատակի աճյունն է: (Գամերը մնացել են թանգարանում, իսկ գանգը տարել են Երևան՝ հետագա ուսումնասիրության համար:)

«Ժայռը փորել են տակից, և գերեզմանը բացվել է, - ասում է Ծիծեռնավանքը վերակառուցող վարպետ Մենուշը, որը մի շարք եկեղեցիներ է վերակառուցել և արժանացել է Անանիա Շիրակացու շքանշանին, - Գանգն էր՝ մեխերը մեջը, մեկ էլ թևերը: Մի կնիկ գանգն առել գիրկը՝ շոյում էր»:

Գիտնականները ենթադրում են, որ աճյունը թաղվել է վանքի պատի տակ, որովհետև այն պատկանել է սուրբ համարված մարդու:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանը, որը նաև պատմական գիտությունների թեկնածու է, «Հանդես ամսօրյա» գիտական ամսագրում ուսումնասիրություն է հրապարակել հայտնաբերված աճյունի վերաբերյալ: Նա գրում է, որ տապանաքարի մակագրությունից կարելի է ենթադրել, որ նահատակի անունն Աստվածատուր է եղել (ամբողջ տապանաքարը չի հայտնաբերվել):

Հայոց վարքագրության մեջ այդ անունով միայն մեկ նահատակ է եղել՝ ազգությամբ պարսիկ, որը 553 թվին խաչվել է Դվինում: Դվինի երկրաշարժից հետո բնակչությունը տեղափոխվել է Սյունիք, որտեղ գտնվում է Ծիծեռնավանքը: Հակոբյանը ենթադրում է, որ նահատակի աճյունը տեղափոխել են այնտեղ:

«Սա մի բացառիկ վարկած է: Եթե այլ տեսակետներ լինեն, հետաքրքիր կլինի, - ասում է Հակոբյանը, - Մենք գանգը չդրեցինք ցուցադրման՝ համարելով, որ դա դաժան պատկեր է»:

Ծիծեռնավանքը 4-5-րդ դարերի եկեղեցին (ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց՝ վաղ քրիստոնեական տաճարների հիմնական տիպերից մեկը) և հացատունն է, որ վերանորոգվել է 2001-2002 թվերին սփյուռքահայ բարերարների օգնությամբ: Վանքի կողքին պահպանվել է 19-րդ դարի հայկական գերեզմանոցը:

Թանգարանը գտնվում է հացատան շենքում և հանդիսանում է Քաշաթաղի երկրագիտական թանգարանի մասնաճյուղը:

Բերձորում (նախկին Լաչին) 1996 թվականի գարնանը բացված թանգարանում ցուցադրված են մ.թ.ա. երրորդ հազարամյակի բրոնզե գուրզը և քարե տոտեմները, որոնք հայտնաբերվել են վեց տարի առաջ Կայծքարսար տեղանքի պեղումների ժամանակ:

Թանգարանում ներկայացված մոտ 300 ցուցանմուշների մեծ մասը հավաքել է թանգարանի տնօրեն Լիվերա Հովհաննիսյանը, որը մինչև Լաչին տեղափոխվելը 18 տարի աշխատել է Երևանի պատմության թանգարանում որպես ավագ գիտաշխատող:

«Ապրիլին՝ մեկ ամսվա ընթացքում, 47 գյուղ եմ շրջել և հավաքել այս բոլոր ցուցանմուշները, որ հասցնեմ թանգարանի բացմանը, - ասում է Հովհաննիսյանը, - Այն ժամանակ շատ գյուղեր դեռ բնակեցված չէին, երկու տղամարդու ուղեկցությամբ բեռնատարով գյուղից-գյուղ էինք գնում և տնետուն մտնելով՝ փնտրում-գտնում մեր ուզածը: Մի գյուղում մեզ վրա կրակ բացեցին: Բնակիչներն էնքան մարդու էրես չէին տեսել, որ մեզ տեսել՝ վախեցել էին, ադրբեջանցու տեղ էին դրել»:

Թանգարանում ցուցադրված են հայկական կենցաղային իրեր, սկսած մ.թ.ա. երրորդ-երկրորդ հազարամյակներից: Օրինակ՝ Արաքսի ափին հայտնաբերված երրորդ հազարամյակի ձիթաճրագ, առաջին հազարամյակի կավե կարաս Աղավնու գյուղից (նախկին Զաբուղ), 17-18 դարերի լուսամփոփ և պղնձե ջրաման՝ «Հայրապետի որդի Մարգարա» մակագրությամբ:


  Inside
 

Uneasy Relations: Armenians in Russia await outcome of contentious trial

Full story

 
 
 
 

Self-sustained Living: Building managers meet to discuss concepts of condominium life

Full story

 
 
 
 

Buried Secrets: Archeological site holds centuries of history

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.