ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 13, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Անձրևի դույլեր և երկնքի լույսեր. Հայաստանը դեռ պատրաստ չէ համատիրություններին


Gohar Israelyan: "Left to the  whim of destiny . . ."Տխուր ճակատագրի արժանացած այս շենքը մեկ մուտք ունի: Առաջին քայլերից պարզ է դառնում, որ վերևում պայմաններն ավելի տխուր են:

Ճոճվող աստիճաններին ուղեկցում են ճաքած պատերը, որոնք թույլ են տալիս մտածել նրանց վաղեմի և հարուստ կենսագրության մասին, և այցելուն սկսում է կասկածել, արդյոք շենքը բնակեցված է: Սակայն օդում անկարգորեն կախված հոսանքալարերը որոշակի ուղղվածություն ունեն, իսկ «Արմենտելի» քաղաքակիրթ հեռախոսալարերը միանգամից վերջ են տալիս կասկածներին: Այստեղ ապրում են հերոս մարդիկ:

Զգույշ թակոցին պատասխանում են ջերմ ու սովորական հյուրասիրությամբ, որը մռայլվում է միայն այն պայմաններով, որոնցում ստիպված են ապրել բնակիչները:

«Անձևրը ներխուժել է ննջարան, խոհանոց, հյուրասենյակ, մեր ողջ բնակարանը», - ասում է երեք երեխաների մայր 38-ամյա Օֆելյա Սահակյանը:

Որքան էլ տարօրինակ թվա դրսի մարդկանց, Էջմիածնի Մարշալ Բաղրամյան 18/բ հասցեով այս շենքը միակը չէ ո՛չ այս քաղաքում, ո՛չ Երևանում, ո՛չ էլ հանրապետությունում, որ գտնվում է նման պայմաններում: Նման շենքերում ապրող մարդիկ ականատես են եղել դրանց շարունակական քայքայմանը սկսած անկախացումից, երբ վերջացան այն ժամանակները, երբ դրանք պետական սեփականություն էին հանդիսանում: Այժմ հույսը կորցրած բնակիչները չգիտեն, թե ում դիմեն:

Առաջին կարգի հաշմանդամ 38-ամյա Գոհար Իսրայելյանը (վերին նկար) գործազուկ է և գրեթե կույր է: Ապրում է այս շենքի հինգերորդ հարկի մեկ սենյականոց բնակարանում իր 11-ամյա որդու` Նարեկի հետ:

Գիշերային անձրևներին ընտելացած այս ընտանիքը գիտի, թե ինչ անել այդ արտակարգ իրավիճակում:

«Անձրևի ձայնն ինձ ստիպում է զինվորական արագությամբ վեր կենալ, հագնվել, վազել դույլերի և մեծ տարողությամբ այլ տարանների հետևից և սկսել սովորական աշխատանքը», - ասում է Նարեկը:

«Մենք մնացել ենք բախտի քմահաճույքին, - ասում է Գոհարը, - Այս տարվա չոր աշունը մեզ փրկեց: Գարնանն այստեղ հեղեղ է լինում: Անձրևներին հետևում է խոնավությունը: Դուռն օր ու գիշեր բաց ենք թողնում, որպեսզի խոնավության հոտն անցնի, բայց՝ անօգուտ:

«Խոնավությունից բորբոսնում են պատերը, դռները»:

Համար 18 շենքի խնդիրը տասը տարվա պատմություն ունի:

«Այն տարիներին, երբ հոսանքազրկված էինք (1992-1993 թվականներին), լսում էինք, ինչպես են տանում տանիքի փայտերը՝ որպես վառելիք օգտագործելու համար», - ասում է Օֆելյան:

Գողացված տախտակները առ այսօր չեն փոխարինվել նորերով: Իսկ շենքի բնակիչներն ասում են, որ շենքի տանիքն ավելի է վնասվում այդտեղ տեղադրվող հեռուստացույցի ալեհավաքներից:

«Դրանք տեղադրելիս՝ տանիքը բոլորինն է, բայց վնասված հատվածները վերանորոգելիս՝ հոգսն ընկնում է միայն հինգերորդ հարկի բնակիչների ուսերին», - ասում է Գոհարը:

Այնուամենայնիվ, այսօր գործում է մի համակարգ, որը կոչված է լուծել նման խնդիրները:

Խորհրդային Միության փլուզումից հետո շենքերի բնակարանները սեփականաշնորհվեցին: Ստեղծվեցին համատիրություններ, որոնք էլ բնակիչներից հավաքագրում են ընդհանուր սեփականության սպասարկման և վերանորոգման վարձը, ինչպիսիք են համարվում կոմունալ ջրագծերը, շքամուտքերը, աստիճանավանդակները, ընդհանուր պատերը և տանիքը:

«Համատիրությունը ստեղծվել է սեփականաշնորհված շենքերի ընդհանուր կառավարումը, վերանորոգումը, սպասարկումը կազմակերպելու և ընդհանուր շահերը պաշտպանելու համար», - ասում է Էջմիածնի «Մարշալ Բաղրամյան» համատիրության նախագահ Ռոբերտ Մկրտչյանը:

Համատիրության բյուջեն կազմվում է բնակիչներից հավաքագրված վարձերով: Բնակիչները բնակտարածքի քառակուսի մետրի համար ամսական վճարում են 6 դրամ (մոտ 1 սենթ): Ըստ Մկրտչանի, մեկ բնակարանի համար այս գումարը չի գերազանցում 300-500 դրամը (մոտ 60-90 սենթ): Վճարը ցածր է, և սովորաբար բնակիչների միայն մեկ քառորդն է կատարում վճարումները: Նման գումարներով անհնար է մեծ աշխատանքներ իրականացնել:

Գոհար Իսրայելյանն ասում է. - «Ես թոշակառու եմ, միայնակ մայր: Ապրելու համար օգնում է եղբայրս: Անկարող եմ մուծել այդ չնչին գումարը, անգամ 50%-ով»:

Ինքնաֆինանսավորվող համատիրությունների համակարգը պայքարում է իր աշխատանքը կատարելու համար, քանի որ համատիրության անդամները մինչ այժմ չեն ցանկանում իրենց սեփականության խնդիրների համար պատասխանատվությունն իրենց վրա վերցնել:

«Հաճախ վճարումները չեն կատարում նյութապես ապահով մարդիկ, - ասում է Մկրտչյանը, - Հասարակությունը չի ցանկանում ընդունել այս համակարգը, քանի որ տարիներ շարունակ սովոր է եղել, որ նման խնդիրները պետք է լուծի պետությունը: Սակայն բնակարանները սեփականաշնորհվեցին, որպեսզի պետության հոգսը թեթևանա»:

1996 թվականին Էջմիածնում ստեղծվեցին 13 համատիրություններ: Այսօր մնացել են 7-ը:

Ofelia Sahakyan: "Who can we ask . . ."Մեկ ամսում համատիրությունը հավաքում է մոտ 5600 դրամ (10 դոլար), որը շատ քիչ է որևէ մեծ խնդրի լուծման համար, օրինակ հոսող տանիքը նորոգելու համար:

Մարշալ Բաղրամյան 18/բ շենքում առաջացած մեծ ճեղքերը 1988 թվականի երկրաշարժի հետևանք են: Հաճախ խցանվում են կոյուղու ջրագծերը, և ջուրը լցվում առաջին հարկի բնակարանները, որտեղ ոչ ոք չի ապրում: Առաջին հարկի կեղտաջրերը հակասանիտարային պայմաններ են ստեղծում, որոնք հավանական են դարձնում հիվանդությունների համաճարակները:

«Մեր պատերն ամուր չեն, ուժեղ հարվածից անմիջապես կփլվեն», - ասում է Գոհարը:

Գոհարի լողասենյակի առաստաղից երևում է երկինքը, իսկ մկները և այլ վնասատուներ ազատ ելումուտ ունեն այստեղ: Տասնմեկ տարի է բնակիչները ջուրը դրսից են բերում:

«Իսկ առհասարակ, այստեղ կարելի է միանգամից անձրևաջրով լողանալ», - ասում է Նարեկը:

«Այստեղ ապրելով հազար ու մի հիվանդություն ենք ձեռք բերել, և ու՞մից կարող ես օգնություն խնդրել», - ասում է Օֆելյան:

Որոշ իրավիճակներում քաղաքապետարանը կարող է ընդհանուր բյուջեից գումար հատկացնել նման շենքերի հրատապ խնդիրները լուծելու համար, սակայն ներկայումս ոչինչ չի արվում, և մարդիկ շարունակում են ապրել այստեղ, որովհետև այլընտրանք չունեն:

«Ամեն ինչ մնում է նույնը, - ասում է Գոհարը, - մենք ենք ու մեր բաց տանիքը, պատերի ճեղքերը, որոնք օր օրի ավելի են լայնանում:

«Ամենահուսալին ավելի մեծ տարողությամբ կենցաղային տարաներն են, որոնք ամեն գարուն ավելի մեծերով ենք փոխարինում»:


  Inside
 

Uneasy Relations: Armenians in Russia await outcome of contentious trial

Full story

 
 
 
 

Self-sustained Living: Building managers meet to discuss concepts of condominium life

Full story

 
 
 
 

Buried Secrets: Archeological site holds centuries of history

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.