ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 13, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Կյանք վիրուսով. կարճ զրույց ՄԻԱՎ-վարակակրի հետ Հայաստանում

Ըստ մասնագետների, ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը Արևելյան Եվրոպայում և նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ավելի արագ են տարածվում, քան աշխարհի մյուս երկրների մեծ մասում:

Հայաստանում նույնպես նկատվում է այս անհանգստացնող միտումը, քանի որ շատ հայաստանցիներ աշխատանք գտնելու նպատակով մեկնում են Ռուսաստան (որտեղ հիվանդությունը տարածվում է տագնապալի արագությամբ) և ենթարկվում են ավելի մեծ ռիսկի, քան Հայաստանում:

Տանից հեռու՝ ոմանք նվազ չափավոր կյանք են վարում և թանկ են վճարում դրա հետևանքների համար: Մյուսների բախտը պարզապես չի բերում:

Արամ Հակոբյանն առաջին խմբից է: Նա համաձայնեց զրուցել «ԱրմենիաՆաուի» հետ՝ պայմանով, որ իրեն չեն լուսանկարի և ինքնությունը չեն բացահայտի:



«Ռուսաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը չափազանց տարածված էր: Կամ վարակվում էին չպաշտպանված սեռական հարաբերություններից, կամ էլ թմրանյութից ու ոչ միանվագ ներարկիչներից, - ասում է 31-ամյա Արամ Հակոբյանը, - Թմրանյութի ընդհանուր գդալից օգտվում էին շատերը, շատ հաճախ նույնիսկ թմրանյութն արդեն վարակված էր լինում:

«Թմրանյութից հրաժարվելը գերմարդկային ճիգեր էր պահանջում, գրեթե անհնար էր, իսկ այդ մթնոլորտում ես արդեն շատ խորը կասկածներ ունեի, որ իմ կենսակերպով ես նույնպես վարակված կլինեմ: Իրականում հենց այդպես էլ կար»:

Արամ Հակոբյանը ՄԻԱՎ-ով վարակվել է մոտ 7 տարի առաջ Ռուսաստանի քաղաքներից մեկում, ուր արտագնա աշխատանքի էր մեկնել հազարավոր հայ երիտասարդների նման: Եվ շատերի նման էլ՝ հետաքրքրությունից դրդված, սկսել էր թմրանյութ օգտագործել:

Այն օրվանից, երբ Հակոբյանն իմացավ, որ վարակվել է ՄԻԱՎ-ով, տարիներ են անցել, և նրա կյանքում շատ բան է փոխվել:

«Շատ եմ փորձել ազատվել թմրամոլությունից, քանի որ նման ապրելակերպը քայքայում է օրգանիզմը: Սակայն այդ ամենը հաղթահարելու համար ինձնից անասելի կամքի ուժ էր պահանջվում: Ոչ մի կերպ չէր ստացվում: Տարիների անհաջող փորձերից հետո, մի տարի առաջ որոշեցի վերադառնալ Հայաստան՝ ծնողներիս մոտ:

«Ծնողներս շատ վշտացան, երբ իմացան, որ ՄԻԱՎ ունեմ, սակայն թաքցնելով իրենց վիշտն ու անհանգստությունը՝ քաջալերեցին ինձ, և ես կարողացա կարգավորել իմ կյանքը: Հետզհետե ամեն ինչ ընկավ իր բնականոն ընթացքի մեջ: Ինձ օգնեցին ծնողներս»:

Յոթ ամիս առաջ Արամը թողեց թմրամոլությունը: Այսօր նա ապահովված է աշխատանքով, ունի ընկերներ, ընկերուհիներ և մտածում է վաղվա մասին միայն հույսով:

«Ես գիտեմ մարդկանց, որոնք ՄԻԱՎ-ով վարկվելուց հետո ապրում են արդեն 15 տարի: Պետք է ուղղակի զգույշ լինել: Եթե չչարաշահես ալկոհոլը, ծխախոտը և թմրանյութերը և առողջ կյանքով ապրես, ամեն ինչ կարող է երկարել»:

Եվ Հակոբյանն ու Հայաստանի մի քանի հազար վարակակիրները (պաշտոնական թիվը 2200 է, սակայն մասնագետների հավաստմամբ, իրական թիվը շատ ավելի մեծ է) սպասում են, ինչպես ինքն է ասում, «մինչև այն պահը, երբ կհայտնվի ապագա դեղամիջոցը և կօգնի մարդկանց լիովին ազատվել այդ վարակից»:

Իսկ մինչ այդ, քանի որ Հայաստան մուտք չեն գործում ՄԻԱՎ-ի դեմ կիրառվող հակավիրուսային դեղամիջոցները, Հակոբյանը փորձում է ուժերը վերականգնել վիտամիններով հարուստ սննդով՝ բանջարեղենով ու մրգերով, և այն ամենով, ինչ օգնում է:

«Ես ապրում եմ լիարժեք կյանքով ու գոհ եմ, - ասում է նա, - Ունեմ ընկերներ, որոնք գիտեն իմ մասին և մնում են իմ ընկերները: Ունեմ մի քանի ընկերուհի, և չի բացառվում, որ մոտ ժամանակներս ամուսնանամ, դեռ չեմ որոշել: Սակայն միայն իմ նեղ շրջապատը, իմ մոտիկ մարդիկ գիտեն իմ հիվանդության մասին»:

Արամն ամեն կերպ խուսափում է ասել իր հիվանդության մասին պատահական ծանոթներին, այդ թվում՝ բուժքույրերին և բժիշկներին հիվանդանոցներում և ատամնաբուժարաններում:

«Երբ գնում եմ ատամնաբուժարան, նախ հետաքրքրվում եմ, նորմալ ախտահանվում են բժշկական գործիքները, թե ոչ, բժիշկներր ստերիլ գործիքներով են աշխատում, թե ոչ: Հետո ասում եմ, որ հիվանդ եմ հեպատիտ C-ով, որովհետև ոչ մի դեպքում չեմ կարող ասել, որ ՄԻԱՎ-վարակակիր եմ: Նույն բժիշկը, միգուցե, իմ ներկայությամբ ոչինչ չասի, բայց հետո չի բացառվում, որ ինֆորմացիան շատ արագ տարածի, ասի ուրիշներին»:

Հակոբյանը տխրությամբ է հիշում այն դեպքի մասին, երբ գնացել էր բժշկի մոտ բոլորովին այլ գործով:

«Նրան նախօրոք տեղյակ էի պահել իմ խնդրի մասին: Ես նրա հետ բոլորովին այլ բանի շուրջ պետք է խոսեի: Մեկնեցի ձեռքս, որ ողջունեմ, սակայն նա ձեռքը հետ տարավ ու հրաժարվեց ձեռքով ինձ բարևելուց:

«Մարդու համար, կարծում եմ, շատ կարևոր է, որ իրեն գոնե ձեռքով ողջունեն: Շատ դեպքերում նաև այդ է, որ ինձ մղում է զգույշ լինել իմ մասին տեղեկություններ տալուց: Որովհետև ուզում ես գոնե հարգանքի այդ տարրական նշաններին արժանանալ»:

Արամն իրեն մեղավոր չի համարում ոչնչի համար և հավատացած է, որ այս կյանքում ոչ մեկը ոչնչից ապահովագրված չէ:

«Կարող ես գնալ ատամնաբույժի մոտ և վարակվել, քանի որ այնտեղ կարող են չպահպանել ախտահանության տարրական կանոնները: Ուղղակի մարդիկ ինֆորմացիայի խիստ պակաս ունեն:

«Իսկ Հայաստանում հիմնականում մտածում են, որ վարակակիրները սարսափելի կյանքով ապրող սարսափելի մարդիկ են: Ու այսօր, եթե շատ մարդիկ իմանան իմ մասին, չի բացառվում, որ ես մյուսն օրը ևեթ կորցնեմ իմ աշխատանքը ու շատ այլ ուրախություններ, որոնցով լիարժեք եմ զգում ինձ:

«Ես պայքարում եմ կյանքի համար ու գոհ եմ իմ կյանքից, սակայն ամեն մի պահն ինձ համար կարող է ճակատագրական լինել, և իմ ամբողջ կյանքը կարող է տակնուվրա լինել: Չեմ ուզում, որ այստեղ մարդիկ իմանան, որ վիրուսակիր եմ: Եթե ես վստահեմ մեկին իմ գաղտնիքը, ու նա չպահի այն, այլ սկսի բոլորին պատմել իմ մասին, ես ամենայն հավանականությամբ, կկորցնեմ այն ամենը, ինչի հասել եմ տարիների ընթացքում: Ես չեմ ուզում, որ ինձ փողոցում մատով ցույց տան ու խուսափեն ինձնից: Չէի ուզենա, որ հարևաններն իմանային, դա իմ ճակատագիրը լրիվ կփոխեր: Ուղղակի մարդիկ դեռ պատրաստ չեն դրան»:


  Inside
 

Uneasy Relations: Armenians in Russia await outcome of contentious trial

Full story

 
 
 
 

Self-sustained Living: Building managers meet to discuss concepts of condominium life

Full story

 
 
 
 

Buried Secrets: Archeological site holds centuries of history

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.