ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 13, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Թաղված գաղտնիքներ. հնագիտական հուշարձանը դարերի պատմություն է պահում իր մեջ


To see a photo gallery of the work at Agarak, visit www.patkerphoto.comՉորս-հինգ մարդուց կազմված մի խումբ՝ զինված փոքր բահերով և վրձիններով, անդադար փորում է խառնարան հիշեցնող մի վայրում, և նրանց գտած ամեն մի կտորը ժպիտ է առաջ բերում նրանց դեմքերին և առիթ է դառնում հետագա բանավեճերի համար: Գոհարներից էլ թանկ նրանց գտածոները պատմության պատառիկներ են:

Հայաստանում առաջին ձյունը դնելուց մի քանի օր առաջ, որը ստիպեց դադարեցնել պեղումները, այս մարդիկ դեռ փորում էին մեղմ ու արևոտ աշնանային օրերին, ինչպես և անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում, Ագարակում հայտնաբերված և, ինչպես ենթադրում են, վաղ բրոնզե դարին պատկանող վեց քարե համալիրներում:

Պեղումների վայրը, որ գտնվում է Երևանից մոտ 30 կմ հեռավորության վրա, առայժմ բացել է իր նախապատմական գաղտնիքների ընդամենը հինգ տոկոսը: Սակայն հնագետները խոստանում են, որ երբ իրենք ավարտեն իրենց գործը, մարդկանց աչքերի առաջ կբացվի մշակույթների ու քաղաքակրթությունների մի արտասովոր կոթող:

Անցյալ տարի հուշարձան այցելեց նույնիսկ նախագահը և հավաստեց, որ այն գտնվում է պետության պաշտպանության տակ: Հնագետների համար նախագահի այդ որոշումը լավ լուր էր, քանի որ այն ազատություն տվեց իրենց դիմել դրամաշնորհների և թույլ տվեց հուշարձանից հեռու պահել գյուղացիներին, որոնք իրենց գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ավերում էին 6000-ամյա գերեզմանոցները:

Քարե համալիրների միջև ընկած դաշտերի հարթ հողակտորները մոտակա Ոսկեհատ գյուղի բնակիչները դեռ շարունակում են մշակել: Թեև գյուղում շատ առասպելներ են պատմում այդ տեղանքի մասին, մինչև պեղումների սկսվելը գյուղացիները պատկերացում չունեին, որ իրենց ոտքերի տակ մի հսկայական հուշարձան է թաղված: Իսկ հիմա նրանք հաճախ հարցնում են հնագետներին, թե երբ են տեսնելու խոստացված հուշարձանը:

«Դե, ամենաքիչը մի 150 տարի հետո», - ասում է Հայաստանում Գֆոլերի հիմնադրամի տնօրեն Բորիս Գասպարյանը: Եվ նա չի կատակում: Ամբերդ գետի ձախ ափին գտնվող հուշարձանը շուրջ 200 հեկտար տարածք է զբաղեցնում: Այստեղ աշխատում են 70 հոգի, և 140000 դոլար տարեկան բյուջեն չի բավականացնում ինտենսիվ պեղումներ անցկացնելու համար:

Հնագետների ասելով, իրենք աշխատում են ապագա սերունդների և պատմության համար:

Տեղանքն իրենից ներկայացնում է մի հարթ մակերևույթ, որը ծածկված է տուֆի կառույցներով, ժայռաբլուրներով և քարաբեկորներով: Հնագետները հավաստիացնում են, որ բոլոր այդ քարերը, որ ժամանակը թաքցրել է մարդկանցից, իրենց վրա կրում են և՛ բնության, և՛ մարդկանց ինտենսիվ աշխատանքի հետքերը:

Բացի քարե կառույցներից, ժայռերի մեջ փորված են խորշեր և այնտեղ տանող աստիճանակերպ հարթակներ: Բոլոր այդ համալիրները՝ ներառյալ մի շարք պայտաձև շինություններ և դրանք իրար միացնող կապուղիները, ինչպես նաև սեղանաձև զոհասեղանները, միասին կազմում են մի բազմաշերտ հուշարձանային համալիր:

Շերտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեղանքը հաջորդականորեն բնակեցված է եղել տարբեր հնագիտական ժամանակաշրջաններում: Առաջին կառույցները վերաբերում են վաղ բրոնզե դարին, իսկ վերջինները՝ մեր թվարկության 17-րդ դարին:

To see a photo gallery of the work at Agarak, visit www.patkerphoto.com«Ներկայումս պեղումներն իրականացվում են միայն Ագարակի հյուսիսային համալիրի առաջին ժայռահարթակի վրա, - ասում է Գասպարյանը, - Տարածքի հյուսիս-արևելյան մասում հայտնաբերված փողոցը, ինչպես նաև կլոր հատակագծերով և քառակուսի արտաքին անկյուններով տների առկայությունը փողոցի երկու կողմերում, վկայում են, որ վաղ բրոնզե դարում այստեղ քաղաք է եղել»:

Հայտնաբերված փողոցն անվանել են Գֆոլերի պողոտա՝ ի պատիվ Գֆոլեր եղբայրների ԱՄՆ-ից, որոնք հատուկ հիմնադրամ են ստեղծել Հայաստանում հնագիտական պեղումներ կատարելու համար:

Տարածքում կան շատ մեծ ու փոքր ժայռափոր խորշեր, որոնք վաղ բրոնզե դարում ծառայել են որպես հեթանոսական արարողությունների՝ զոհաբերությունների ու թաղումների անցկացման վայրեր, իսկ հետագայում վերածվել են գինու հնձանների և մառանների:

Պեղումների ժամանակ հնագետները նաև գտել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ, տեռակոտե արձանիկներ, կլոր և պայտաձև կանթեղներ, զարդեր և մետաղադրամներ:

Ենթադրվում է, որ Ագարակում տնտեսությունն ու առևտուրը ծաղկում են ապրել, հատկապես մ.թ.ա. 4-րդ և 3-րդ դարերում, ինչպես նաև մեր թվարկության 2-րդ և 4-րդ դարերում: Այդ մասին են վկայում ուշ անտիկ շրջանի թաղումներում գտնված ներկված կավից իրերը, Ալեքսանդր Մեծի դիմապատկերով դրախման, Օկտավիանոս Օգոստոսի դիմապատկերով արծաթե մետաղադրամը և մի քանի մատանիներ:

Երբ խոսք է գնում Ագարակի հայտնաբերման մասին, Պավել Ավետիսյանը՝ արշավախմբի ղեկավարներից մեկը, ասում է, որ դա «երկնային պարգև է»:

«Սա մի մշակութային երևույթ է, որը մեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել, թե այստեղ ինչ է եղել հազարամյակներ առաջ»:

Գտածոների մեջ առանձնանում է կենդանիների կերպարանքներով կավե մի անոթ, որը լավագույնս է պատկերացում տալիս բրուտների վարպետության մասին մ.թ.ա. 8-6-րդ դարերում: Այն ջնարակված է և ծածկված է բազմաթիվ նախշերով: Հնագետներն ասում են, որ անոթի վրայի խոյի պատկերը, գլուխը՝ պռունկին, իսկ սեռական օրգանները՝ ստորին մասում, խորհրդանշում է պտղաբերությունը և հայրիշխանական համակարգն Ուրարտուի դարաշրջանում:

Սակայն անոթն այսօրվա տեսքին բերելը հսկայական աշխատանք է պահանջել: Բավական չէ պեղումների ժամանակ գտնել կավե կտորտանքները և շարել թանգարանի ապակե ցուցասեղանին:

To see a photo gallery of the work at Agarak, visit www.patkerphoto.comՀնագետներն առաջին հերթին ֆիքսում են գտածոների հայտնաբերման վայրը: Հետո մեծ զգուշությամբ, ինչպես վիրաբույժները վիրահատության ժամանակ, հանում են դրանք հողից: Այնուհետև գտնված կտորները տարվում են լաբորատորիա և խնամքով մաքրվում են:

Հաջորդ փուլում գործի են անցնում վերականգնողները, որոնք կտորները միացնում են իրար և ամբողջական տեսք են տալիս գտածոյին:

«Ինձ դուր է գալիս վերականգնման հետ կապված ամեն ինչ, - ասում է Լիլիթ Մանուկյանը, որը զբաղվում է այս գործով արդեն ութ տարի, - որովհետև սկզբում կարծես առեղծված լինի, իսկ վերջում դառնում է ամբողջ աշխատանքի հանգուցալուծումը: Այս ամենը նման է գլուխկոտրուկի»:

Ագարակի համալիրը, որտեղ հարյուր հազարավոր նման առարկաներ կան, հայերին համակում է հպարտությամբ իրենց երկրի համար: Սակայն որքան շատ են հայտնագործում, այնքան ավելի շատ է մնում հայտնագործելու:

Միգուցե մարդկային կյանքի համար 150 տարին երկար ժամանակ է, սակայն Ագարակում իրար բախված քաղաքակրթությունների համար դա մի աննշան ակնթարթ է: Ինչպես հնագետներն են ասում՝ «Միգուցե 150 տարուց մեր հետնորդները կքայլեն Գֆոլերի պողոտայով և կասեն՝ սա վաղ բրոնզե դարի փողոց է»:

(Ագարակում կատարված աշխատանքների լուսանկարները տեսնելու համար այցելեք www.patkerphoto.com)


  Inside
 

Uneasy Relations: Armenians in Russia await outcome of contentious trial

Full story

 
 
 
 

Self-sustained Living: Building managers meet to discuss concepts of condominium life

Full story

 
 
 
 

Buried Secrets: Archeological site holds centuries of history

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2022. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.