ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 6, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Գործուղում. hայկական պատվիրակությունը մեկնում է Հունգարիա ծանոթանալու համայնքների ֆինանսավորմանը


Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ՄՆՄԶ) հովանավորեց ֆինանսների հայ մասնագետների անցած շաբաթվա այցը Հունգարիա՝ Հայաստանի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների տեխնիկական աջակցության և վերապատրաստման ծրագրի շրջանակներում:

Պատվիրակության կազմում ընդգրկված ութ ֆինանսական տնօրենները Հայաստանի տարբեր քաղաքներից, Ֆինանսների նախարարության և Հայաստանում ԱՄՆ հիմնադրած Ուրբան ինստիտուտի ներկայացուցիչներն այցելեցին չորս հունգարական քաղաքներ, որտեղ հանդիպեցին ֆինանսների և տնտեսական զարգացման բնագավառի իրենց հունգարացի գործընկերների հետ:

Հունգարական չորս քաղաքները հատուկ էին ընտրվել, որպեսզի համապատասխանեն հայկական քաղաքներին իրենց չափերով և բնակչությամբ: Բացի Բուդապեշտից պատվիրակությունն այցելեց Սոլնոկ, Հատվան և Նիրիգհազա քաղաքները:

1990-ականների սկզբին այստեղ սկսված սոցիալական և քաղաքական վերակառուցումը զգալիորեն բարելավել է Հունգարիայի տնտեսական վիճակը:

1990 թվականին սահմանադրության տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հոդվածի վերանայման շնորհիվ, սահմանվել են Հունգարիայի ինքնակառավարման մարմինների դերը և պարտականությունները՝ հաստատելով կառավարումն ապակենտրոնացնելու վճռականությունը:

«Այս այցի նպատակը փորձի փոխանակումն էր, ինչպես նաև հունգարական ավելի զարգացած տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական փորձին ծանոթանալը», - ասում է Ուրբան ինստիտուտի խորհրդատու Արթուր Դրամփյանը, որը խմբի հետ մեկնել էր Հունգարիա:

Կառուցվածքային բարեփոխումների կարճ ժամանակահատվածում Հունգարիայի տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք են բերել էական լիազորություններ և որոշում կայացնելու իրավունքներ:

Հունգարական օրենսդրության համաձայն, քաղաքներն իրենք կարող են որոշել, թե ինչպիսի տեղական հարկեր գանձեն: Քաղաքների մեծ մասը նախընտրել է գանձել բիզնես գործունեության հարկ, քանի որ այն տեղական բյուջե ավելի շատ եկամուտ է բերում, քան մյուս ռեսուրսները:

Ի տարբերություն հայկական քաղաքների, հունգարական քաղաքները կարող են ունենալ բանկային հաշիվներ, կառուցել և վաճառել բնակելի շենքեր, կայացնել վարչական որոշումներ, ինչպես օրինակ՝ հասարակական վայրերում ոգելից խմիչքների օգտագործման արգելումը: Բացի այդ, քաղաքապետարանները կարող են ձեռնարկություններին ազատել հարկերից՝ նրանց համար իրենց տարածքում գրավիչ պայմաններ ստեղծելու նպատակով:

«Սա հետաքրքիր այց էր, սակայն հունգարական օրենսդրությունը շատ ավելի մեծ ինքնուրույնություն և անկախ որոշում կայացնելու իրավունքներ է տալիս քաղաքներին, - ասում է Հայաստանի համայնքային ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանը, - Հայաստանն այս առումով շատ հետ է»:

«Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների դերը և իրավունքները չափազանց սահմանափակ են, և դժվար թե մենք կարողանանք կիրառել հունգարացի գործընկերների փորձի նույնիսկ փոքր մասը», - ասում է Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը:

Հայկական պատվիրակության համար հաճելի անակնկալ հանդիսացավ այն փաստը, որ համաձայն հունգարական օրենսդրության, Հունգարիայում բնակվող ազգային փոքրամասնությունները կարող են ձևավորել իրենց սեփական տեղական ինքնակառավարման մարմինները: Սլավոնական, չեխական, լեհական և գերմանական ինքնակառավարման մարմինների հետ մեկտեղ, Նիրիգհազայում իր սեփական ինքնակառավարման մարմինն է ձևավորել նաև հայ համայնքը:

Հայկական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում Նիրիգհազայի հայկական ինքնակառավարման մարմնի ղեկավար Արմեն Մալհազյանը պատմեց 50 ընտանիքից բաղկացած հայ համայնքի մասին: Մալհազյանը, որն ապրում է Հունգարիայում վերջին քսան տարիների ընթացքում, պատմեց համայնքում կազմակերպված մշակութային իրադարձությունների մասին: Նա նկարագրեց ազգային համայնքի դերը՝ հայկական մշակութային ժառանգության և ավանդույթների պահպանման գործում:

  Inside
 

Fair Pay?: Salaries for civil servants and government officials set for dramatic increase

Full story

 
 
 
 

Frequency Fight: Top Independent TV Station Still Off The Air

Full story

 
 
 
 

Repeated Tragedy: Another animal dies at Yerevan zoo

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.