ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 6, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Մղձավանջներ և խաղաղություն. մայրը նայում է հետ՝ 14 տարիների կորստին

Վաղը՝ դեկտեմբերի 7-ին, լրանում է 14 տարի այն օրվանից, երբ Սպիտակի երկրաշարժը 25000 մարդու կյանք խլեց: Այն ժամանակ դեռ չծնված երեխաներն այժմ արդեն պատանիներ են, և շատերն աշխարհ են եկել, որպեսզի փոխարինեն իրենց ծնողների զոհված զավակներին:

Լաուրա Աթանեսյանն այդպիսի մի ծնող է, իսկ ստորև ներկայացված է մի պատառիկ նրա ապրած կյանքից...



Լաուրան տարիների ընդմիջումից հետո սկսեց կրկին թփով տոլմա եփել, երբ մի օր տղան ասաց. - «Մամ, էն կանաչ տերևով ճաշից չե՞ս սարքի»:

Երկրաշարժից հետո նա տարիներով տոլմա չէր սարքում, քանի որ այն փլատակներում զոհված իր 10 և 12 տարեկան որդիների սիրած կերակուրն էր: Արտյոմը ծնվեց երկրաշարժից մեկ տարի հետո...

«Երկրաշարժը» Լաուրայի համար նրա որդու մեծ բացված աչքերն են ու հարցը.

«Մամ, էս ի՞նչ է»:

«Պատրաստվում էի դպրոց ուղարկել, արդեն վերցրել էի վերարկուն, որ պիտի հագցնեի Արտուշիս, զգացի մի տեսակ որոտի ձայն եկավ, ու շենքը տատանվեց: Ես հասկացա, որ երկրաշարժ է, Արտուշիկիս աչքերը դեմքի վրա կլորացան վախից: Ասի՝ մի վախենա, Արտուշ ջան, երկրաշարժ է, ես հիմա ձեզի արագ կհասցնեմ վերելակին: Վերելակը մեր հարկի վրա էր, հարևանս նոր էր բարձրացել: Բացեցի դուռը, որ դուրս գանք, ու շենքը փլվեց»:

Ու 14 տարի շարունակ, մինչև այժմ, Լաուրային թվում է, թե ինչ-որ բան կարող է փոխել, որ երեխաներին փրկի: Եթե կրկին երկրաշարժ լիներ, ինքն ի՞նչ կաներ: Տղաներին արագ կհասցներ վերելա՞կ, որ շենքը փլվելուց չէր ավերվել: Հատկապես գիշերները, երբ առօրյայից միտքը մաքրված պառկում է քնելու, նա նորից ու նորից վերապրում է երկրաշարժի ամբողջ տեսարանը:

«Բացեցի դուռը, որ դուրս գայինք, ու շենքը փլվեց: Ես ձեռքերով փորձեցի փաթաթվել տղաներին, որ գոնե մեջքով կարողանամ նրանց պահել, բայց գետինը տակից փախավ: Ու հետո, երբ սթափվեցի, արդեն ամեն ինչ վերացել էր»:

Մինչև երկրաշարժը Լաուրան երազ է տեսնում. աղավնիներ ու ձիեր երկնքում, կրակ չկար, բայց աղավնիները՝ սպիտակ, այրվում ու թափվում էին սևացած: Հարևանուհին բացատրում է երազը. ձին մուրազ է, աղավնիներն էլ՝ երիտասարդները, որ Ղարաբաղում պիտի ջարդվեն: Երկրաշարժը համընկավ Ղարաբաղյան շարժմանը, որի հետ էին կապում իրենց երազանքները: Չորս օր հետո եղավ երկրաշարժը:

«Մենք երկաթյա դուռ ունեինք: Դուռն ինչ-որ բանի վրա էր ընկել, եռանկյունի էր առաջացել, ես մնացել էի այդ դռան տակ: Դիմացը բաց էր, տանիք չկար, երկինքն էր: Ու ես տեսա՝ փոքր որդիս դիմացս է, չգիտեի, Գրիշիս հետ ինչ է կատարվել, իրանից ապահով՝ Արտուշիս սկսեցի փնտրել: Արտուշիս էլ ձայնը կար, մի հինգ րոպե, հետո ձենն էլ կտրվեց, ու վերջինը լսեցի, ասավ՝ մամ, էլ չեմ դիմանա»:

Լաուրան չի պատկերացնում, որ որդիները չկան: Մասնակցում է հանգուցյալ որդու դասարանի վերջին զանգին: Երբ որդիները զորակոչի տարիքին պիտի հասած լինեին, գնում է զինկոմիսարիատ. - «Ինձ կթվար, էրեխեքս էդ էրեխեքի մեջ էին: Էդ ի՜նչ ինքնաչարչարանք էր»:

Լաուրա Աթանեսյանն արվեստի պատմություն է դասավանդում Գյումրիի մանկավարժական ինստիտուտում և Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում: Տարիներ առաջ իր երկու տղա ուսանողների ազատել է դասախոսություններից, քանի որ իրեն թվում էր, որ եթե իր որդիները մահացած չլինեին, նրանց նման կլինեին:

«Չէի կարողանում նրանց նայել, ըսի, եթե ուզում եք, իմ դասերին մի նստեք, ես ձեզ բացակա չեմ դնի ու վերջում էլ ձեր գնահատականը կստանաք»: Սակայն հետագայում, երբ իմանում է, որ տղաներից մեկն իր ավագ որդու հետ նույն տարին և նույն ամսին է ծնվել, հակառակ ռեակցիան է առաջանում: «Անկախ ինձնից, ուզեցի նրան տեսնել, ինձ թվաց, թե իմ էրեխես է նա, ու նրա միջոցով կարողացա էդ տարիքի էրեխեքին ընդունել»:

Սակայն ամուսինը՝ Վանյան, որ թեթև ատլետիկա է դասավանդել Մանկավարժական ինստիտուտում և մարզադպրոցում, երկու տեղից էլ դուրս է եկել, քանի որ չի կարողացել շփվել երեխաների հետ: Հետագայում էլ չկարողացավ ցնցումից դուրս գալ և վերադառնալ նախկին աշխատանքին:

Հինգ տարի առաջ նա մեկնեց Մոսկվա՝ շինարարության վրա աշխատելու: Լաուրան կարծում է, որ նա հատուկ է այդ աշխատանքն ընտրել, որ մեկուսանա և երեխաների հետ որևէ շփում չունենա:

Լաուրայի չորս ընկերուհիների ամուսինները նույնպես աշխատանքի են մեկնել Ռուսաստան, քանի որ Գյումրիում աշխատանք չկա, և նրանք իրենց ընտանիքներն ապահովելու այլ ելք չեն գտել (ըստ քաղաքապետարանի մի պաշտոնյայի, Գյումրիի տասն ընտանիքից յոթը մասնատված են, այսինքն, ընտանիքի մեկ կամ ավելի անդամներ աշխատում են դրսում):

Լաուրային թվում էր, թե երկրաշարժի համար մեղավոր են բոլորը, և զայրացած էր բոլորի վրա: Նույնիսկ ամուսնուն էր մեղադրում, թե ինչու տանը չի եղել, որ երեխաներին փրկեր: Ամուսինն այդ ժամանակ եղել է դպրոցում, փլատակներից աշակերտներ է հանել: Ու Լաուրան նրան մեղադրում էր, թե ուրիշների երեխաներին կարողացել է փրկել, իսկ հարազատ որդիներին չի փրկել:

Մեղադրում էր նույնիսկ Արագած լեռանը:

«Մի օր մշուշը փակել էր Արագածը: Գրիշիկս կանչեց՝ մամա, արի նայի, թուրքերն Արագածը տարել են: Գրիշիկ ջան, Արագածը չեն տարել, ուղղակի մշուշը նստել է վրան: Հետո կնայեի իրեն ու կասեի՝ ախր ես քեզ շատ կսիրեի, էրեխեքս էլ շատ կսիրեին, ինչի՞ էդպես արեցիր»:

Իհարկե, կարողանում էր թաքցնել իր զայրույթը, որ ուրիշներն ավելի ընդգծված էին արտահայտում, սակայն նրան էլ հանգիստ չէին տալիս զայրույթն ու նախանձը, թե ինչու հատկապես իր հետ դժբախտություն պատահեց: Զայրույթն այժմ անցել է, համակերպվել է ու գիտի, որ ոչ ոք մեղավոր չէ, պարզապես բնական աղետ էր: Սակայն «ինչու՞» հարցն այժմ էլ է առաջանում:

Ամեն տարի դեկտեմբերի 7-ի մոտենալու հետ նրա մոտ լարվածություն էր առաջանում, սպասում էր, թե երբ պիտի գա այդ օրը: Չէր ուզում մարդկանց երես տեսնել: Զայրացնում էին նույնիսկ երկրաշարժից հետո ծնված որդու ցանկությունները: Երեխան ինչպե՞ս հասկանար, թե մայրն ինչ ապրումներ է ունենում:

Այժմ դեկտեմբերն առաջվա սուր զգացողությունները չի առաջացնում: Լաուրան գիտի, որ վաղը պիտի այցելի որդիների գերեզման՝ պարտքը կատարելու՝ հանգիստ ու հաշտված եղելության հետ:

Երկրաշարժից մի քանի տարի հետո Լաուրան երազում տեսնում է մահացած որդուն. «Կասեր՝ մամ, ոտքերս կմրսի, ջուր է: Մի քանի օր անցավ, էլի տեսա ու ամուսնուս ասի՝ պիտի գերեզմանը փորենք, եթե թաց է, տեղը պիտի փոխենք»:

Ամուսինը և հայրը փորում են գերեզմանը, և պարզվում է, որ այն կիսով չափ լցված է ջրով: Նոր փոս են փորում, և երբ Լաուրան տեսնում է, որ գերեզմանը չոր է, վերաթաղում են իրենց որդիներին:

«Ես կմտածեմ՝ ինչի եմ էդ փոսը ամուսնուս փորել տվել: Անմարդկային բան էր արածս»:

Երբ Լաուրայի որդին՝ Արտյոմը, սկսում է հասնել հանգուցյալ որդիների տարիքին, մայրը տագնապի մեջ է ընկնում, մտածում է՝ հանկարծ այս տղան էլ նախորդների ճակատագրին չարժանանա: Այժմ նրա այդ տագնապներն անցել են, քանի որ Արտյոմն արդեն տարիքով ավելի մեծ է, քան իր վախճանված որդիները:

«Էն, ինչ ապրել՝ ապրել եմ, կորցրած էրեխեքի հետ կմեռնի ամեն ինչ: Եթե Արտյոմս չլիներ, էլ իմ ապրելս իմաստ չէր ունենա»:

Թեև դեռևս ապրում են ժամանակավոր տնակում, և հայտնի չէ, թե երբ բնակարան կստանան, Լաուրայի միակ մտահոգությունը որդին է:

«Այժմ արագ-արագ ուզում եմ հասցնել Արտյոմիս համար, ինչ-որ նրանց համար չարեցի: Վախ կա մեջս, որ հանկարծ չհասցնեմ: Կմտածեմ՝ այսինչ բանը Արտյոմիս օգու՞տ է, չէ, չեմ անի, կյանքում ինչ որ տղայիս չի վերաբերում, ինձ չի հետաքրքրում»:

Երկրաշարժը մշտապես այցելում է Լաուրային երազներում, որտեղ անընդհատ փորձում է փրկել որդիներին:

«Անճարակությունից կարթնանաս ու կզգաս, շունչդ կկտրվի, քրտինքդ ճակատիդ ու կզգաս, երկրաշարժ չէր, պարզապես երազ էր: Կնայեմ, չէ, Արտյոմս կողքս է, ամեն ինչ տեղն է, հեչ բան չի փլվել ու կամաց-կամաց կհանգստանամ»:

  Inside
 

Fair Pay?: Salaries for civil servants and government officials set for dramatic increase

Full story

 
 
 
 

Frequency Fight: Top Independent TV Station Still Off The Air

Full story

 
 
 
 

Repeated Tragedy: Another animal dies at Yerevan zoo

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.