ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 6, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Ի ճանաչում. հաշմանդամներին պատվում են հատուկ օրով


Երեքշաբթի օրը Հայաստանը միացավ այն երկրներին, որոնք նշում են դեկտեմբերի 3-ը որպես ՄԱԿ-ի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օր:

Դա այն մարդկանց ճանաչման օրն է, ովքեր «հասարակության լիիրավ անդամներ են և ստեղծում են նյութական ու մշակութային արժեքներ», - ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության պետ Վալերի Տկաչուկը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում էին հավաքվել բազմաթիվ հաշմանդամներ, նախարարությունների, հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հյուրեր:

Տոնակատարությանը որպես հյուր ներկա 19-ամյա Հայկ Գրիգորյանը մի ընդհանուր ցանկություն հայտնեց.

«Ես այսօր ուրախ չեմ: Մի ցանկություն ունեմ, որ հաշմանդամներ ամբողջ աշխարհում ընդհանրապես չլինեն»:

Իրականությունն ավելի դաժան է: Այսօր Հայաստանում ապրում են 110000 հաշմանդամներ:

Սոցիալական ապահովության նախարարության Հաշմանդամների հիմնախնդիրների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանն ասում է. - «Մեր հիմնական նպատակն է հաշմանդամներին ինտեգրացնել հասարակությանը և հավասար պայմաններ ստեղծել նրանց համար: Շատ հարցեր լուծում ենք հաշմանդամների խնդիրներով զբաղվող շուրջ 15 ՀԿ-ների հետ»:

Ինտեգրացվելու առումով այլ կարծիքի են իրենք՝ հաշմանդամները:

Սպինալ հաշմանդամների «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի նախագահ Միշա Մկրտչյանն (նկարում) ասում է. - «Ավելի ճիշտ է հասարակությանը պատրաստել ինտեգրացվելու հաշմանդամներին: Իսկ հաշմանդամի ինտեգրացումը պետք է սկսել նրա ընտանիքից, հարևանից, փողոցի կրպակավաճառից»:

ՄԱԿ-ի գրասենյակի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդեսը պատմում է «Հույսի կամուրջ» և «Փյունիկ» ՀԿ-ների կատարած հսկայական աշխատանքի մասին:

«Փյունիկի» հայաստանյան գրասենյակի (որը գրանցված է նաև Միացյալ Նահանգներում) նախագահն ասում է, որ հաշմանդամներին առնչվող բազում խնդիրներ լուծվում են իրենց ջանքերով, սակայն կան հարցեր, որոնք զուտ պետական մոտեցում են պահանջում: Հենց այդ մասին էլ հիշեցնում է միջազգային ճանաչման օրը:

«Այսօր ակամայից հայտնվում ենք պետության ուշադրության կենտրոնում, - ասում է Մկրտչյանը, - Մեզ հաշվի են առնում»:

Ճարտարապետների միությունում կայացած կլոր սեղանը նվիրված էր հաշմանդամների ադապտացմանը քաղաքաշինական պահանջներին՝ նախագծման և շինարարության ոլորտում:

«Այսօրվա շենքերը, շինությունները, ճանապարհները գրեթե չեն համապատասխանում սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց կարիքներին: Անհրաժեշտ է մշակել կառուցապատման նոր ծրագրեր, որոնք մատչելի պայմաններ կապահովեն հաշմանդամների համար», - ասում է Կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ Սիրեկան Օհանյանը:

«Լինսի» ծրագրով վերակառուցվող երևանյան փողոցների թեքահարթակները վկայում են, որ հաշմանդամների կարիքները բավարարելու փորձ է արվում:

«Միշտ երազում էի, որ մեր քաղաքում թեքահարթակներ լինեն: Իհարկե, դեռ չեմ անցել դրանց վրայով, բայց շատ ուրախ եմ և շնորհակալ», - ասում է 19-ամյա Արևիկ Մուսախանյանը (նկարում) Երևանից:

Թեև թեքահարթակները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, նրանք, ովքեր ունեն դրանց կարիքը, գնահատում են արվածը:

«Ինքս մասնակցել եմ կառավարությանն ուղղված նամակների պատրաստմանը: Խնդրեցինք, որ «Լինսի» ծրագրի նախագծային աշխատանքներում փոփոխություններ կատարեն, - ասում է Մկրտչյանը, - Արդյունքում կառուցվեցին այդ հատուկ թեքահարթակները: Իհարկե 1-3 սանտիմետրի խոչընդոտ կա, բայց սայլակավոր հաշմանդամը կարող է հաղթահարել դա: Կարևորն այն է, որ սկսել են փոփոխությունները, իսկ հետագայում՝ կշտկեն»:

Ըստ Օհանյանի, այսօրվանից հաշմանդամների համար հավասար պայմանների ապահովման հարցը վերաբերելու է նոր ու վերակառուցվող շենքերի նախագծմանն ու շինարարությանը:

«Իմ ընկերուհին սայլակավոր է, - ասում է Անահիտ Վարդանյանը, - Նրա հետ այգում զբոսնելիս մեզ վատ էինք զգում: Իսկ հիմա անչափ ուրախ ենք, քանի որ վերջապես հատուկ թեքահարթակներ են կառուցվել»:

  Inside
 

Fair Pay?: Salaries for civil servants and government officials set for dramatic increase

Full story

 
 
 
 

Frequency Fight: Top Independent TV Station Still Off The Air

Full story

 
 
 
 

Repeated Tragedy: Another animal dies at Yerevan zoo

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.