ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 6, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օր. մասնագետները կոչ են անում օրենսդիրներին կրթարշավ սկսել


Երբ անցյալ տարվա սկզբին մի երեխա դոնորական արյունից վարակվեց ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վարակ) և կարճ ժամանակ անց մահացավ, Հայաստանի հասարակայնությունն առաջին անգամ գիտակցեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրական վտանգը հեռու-հեռվում չէ, իսկ վարակակիրներն ամենևին էլ փոքր թիվ չեն կազմում:

Անցյալ տարի հանրապետությունում հաշվառվել են մոտ 2200 ՄԻԱՎ վարակակիրներ: Սակայն մասնագետների հավաստմամբ, իրական թիվը գերազանցում է պաշտոնական ցուցանիշները:

«Հայաստանում վարակը հիմնականում փոխանցվում է թմրանյութերի ներարկման և չպաշտպանված սեռական հարաբերությունների միջոցով, - ասում է Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, - Տարեցտարի վարակվածների թիվն ավելանում է: 2002 թվականին գրանցվել է վարակվածների վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը»:

Անցյալ շաբաթվա ընթացքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառումները վկայում են, որ Հայաստանը միացել է աշխարհի այն երկրներին, որոնք զերծ չեն մնացել հիվանդության ազդեցությունից:

«Ջայլամային քաղաքականություն կիրառելը մեր պարագայում շատ սխալ է, - ասում է ԱԺ Բնապահպանության և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադևոսյանը, - Իրականությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ գնալով ահագնանում են այդ հիվանդության տեմպերը: Ինչ խոսք, ցավալի է, սակայն նման դրությունը թե՛ զանգվածային արտագնա աշխատանքի, թե՛ արտագաղթի և ներգաղթի, և թե՛ տեղեկատվության պակասի ու իրավաբանական դաշտի անկատարության արդյունք է, որը մենք գալիք տարի փորձելու ենք շտկել»:

Թադևոսյանն ասում է, որ անցյալ տարի ստեղծված հատուկ հանձնաժողովը շուտով Ազգային ժողովին կներկայացնի մի առաջարկ, որը հնարավորություն կտա լուծել ՁԻԱՀ-ին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք լուծում չէին ստացել 1997 թվականին ընդունված անկատար օրենքում:

«Այս ոլորտում շատ բացեր կան լրացնելու, - ասում է Թադևոսյանը, - և առաջին քայլը, թերևս, այն կլինի, որ առավել մեծ ուշադրություն դարձվի այս խնդրին: Այդ իսկ պատճառով, մեր պատրաստած առաջարկություններում մենք ընդգրկել ենք մի դրույթ, որով պահանջում ենք բյուջեում առանձին տողով մինչև 55 միլիոն դրամ (մոտ 100 հազար դոլար) հատկացնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման համար: Ինչ խոսք, կառավարության կողմից այս առաջարկության ընդունումից հետո միջազգային կազմակերպությունները՝ տեսնելով մեր վերաբերմունքն այս խնդրին, նույնպես ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, ինչը կօգնի գտնել շատ խնդիրների լուծումներ»:

Մասնագետներն ասում են, որ միջոցները կուղղվեն ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի կանխարգելման համալիր ծրագրի իրականացմանը:

«Նման միջոցառումները շատ կարևոր կլինեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի համար, - ասում է բժիշկ Ռոմա Սարգսյանը, - Ես Սյունիքի մարզից եմ, և մեզ մոտ, ինչպես նաև այլ մարզերում, այս հիվանդությունը վաղուց արդեն խնդիր է դարձել՝ ի շնորհիվ արտագնա աշխատողների: Ծրագրի միջոցով հիվանդները հնարավորություն կունենան ավելի լուրջ աջակցություն ստանալ, իսկ մյուսները գիտելիքներ կստանան ու կսովորեն, թե ինչպես խուսափել նման խնդիրներից»:

Ըստ Թադևոսյանի, որպես ծրագրի մի մաս նախատեսվում է լայնատարած կրթական ծրագիր անցկացնել, որի շրջանակներում 9-րդ դասարանից սկսած աշակերտներին կդասավանդվի սեռական դաստիարակություն:

«Կտեղծվեն համակարգեր, կանխարգելիչ նպատակներով լաբորատորիաներ, որոնք կհսկեն հանրապետությունում տիրող իրավիճակը, - ասում է նա: - Մի խոսքով, այն ամենը, ինչն անհրաժեշտ է հիվանդությունից հնարավորինս խուսափելու համար, առողջ երեխաներ, ապագա և ապրելակերպ ունենալու համար»:

  Inside
 

Fair Pay?: Salaries for civil servants and government officials set for dramatic increase

Full story

 
 
 
 

Frequency Fight: Top Independent TV Station Still Off The Air

Full story

 
 
 
 

Repeated Tragedy: Another animal dies at Yerevan zoo

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.