ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 6, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Կորածներ և գտնվածներ. նոր հեռուստահաղորդումը կզբաղվի կորած մարդկանց որոնումով


«Բարև ձեզ, ես Ալլա Մխիթարյանն եմ: Փնտրում եմ 1959-ին ծնված եղբորս՝ Վլադիմիրին: Նա ամուսնացած էր և ուներ մի դուստր: 1993-ին նա դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել»:

Սա իրական մարդու իրական պատմություն է, ինչպես նաև մյուս պատմությունները, որոնք յուրաքանչյուր ուրբաթ պատմում են տեսախցիկի առջև Երևանի Շարլ Ազնավուրի հրապարակում:

Նրանք պատմում են այս պատմությունները՝ հուսալով, որ իրենց դիմումը հեռարձակելուց հետո վերջապես կգտնվեն այն մարդիկ, որոնց իրենք փնտրում են :

Մխիթարյանի ընտանիքը 10 տարի շարունակ բոլոր միջոցները փորձելուց հետ արդեն գրեթե կորցրել էր իրենց եղբորը գտնելու հույսը:

Իսկ մի քանի ամիս առաջ նրանք իմացան, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր, հնարավոր է, կարողանան օգնել իրենց:

«Հեռուստատեսությամբ լսեցի, որ ինչ-որ մեկին փնտրող մարդիկ հավաքվում են Շարլ Ազնավուրի հրապարակում», - ասում է Ալլան (ստորին նկարում՝ աջից):

Նա գնաց այնտեղ և հանդիպեց Վիլեն Պատուրյանին՝ մի մարդու, որը պատրաստում է Հայաստանում աննախադեպ մի հաղորդում անհայտացած մարդկանց և նրանց գտնել ցանկացողների մասին:

Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 14-ին Պատուրյանի խումբը գալիս է «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող հրապարակը և նկարահանում մարդկանց պատմությունները: Պատուրյանը (ստորին նկարում՝ աջից) նկարահանում է «տեսանամակներ», որոնցում մարդիկ ներկայանում են, հետո ասում են, թե ում են որոնում և ցույց են տալիս նրանց լուսանկարները:

Հետո Պատուրյանը սկսում է իր որոնումները: Նա դիմում է նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, դեսպանատների և առնվազն 10 արխիվային բաժինների Հայաստանում:

«Լինում են դեպքեր, երբ երկու ամիս է պահանջվում, որպեսզի պարզենք, մարդը լքել է Հայաստանը, թե ոչ», - ասում է նա:

Մինչ այժմ Պատուրյանին դիմել է մոտ 1500 մարդ: Այժմ նա որոնում է մոտ 400 մարդու:

«Երբ մարդիկ դիմում են ինձ, ես առաջին հերթին կապվում եմ Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի պարզեմ, արդյոք այդ մարդը քրեական գործ ունի, - ասում է Պատուրյանը, - Եթե ունի, դադարեցնում եմ որոնումները, որովհետև նա կարող է ամբողջ կյանքում թաքնվել արդարադատությունից»:

«Այլ դեպքերում տեղեկությունները բավարար չեն լինում որոնումները սկսելու համար: Երբեմն մարդիկ տալիս են միայն փնտրվող անձի անունը: Սակայն նրանց տված տեղեկությունները պետք է հնարավորին չափ մանրամասն լինեն»:

Պատուրյանն ասում է, որ որոնումները տարբեր են լինում. ոմանք փնտրում են իրենց հեռավոր բարեկամին, մյուսները՝ 1937 թվականի ռեպրեսիաների տարիներին անհայտացած բարեկամներին, ուրիշները՝ իրենց բանակային ընկերներին:

Կան մեծ թվով կանայք, որոնք փնտրում են Ռուսաստան փող վաստակելու մեկնած իրենց ամուսիններին: Կան նաև շատ դեպքեր, երբ որբ երեխաները փնտրում են իրենց իսկական ծնողներին:

Պատուրյանը վերհիշում է մի դեպք, երբ 22-ամյա երիտասարդն իր «մոր» մահվանից հետո գտել է իր ծննդյան վկայականը և պարզել է, որ իրեն որդեգրել են:

Նա ապշել է, երբ իմացել է, որ նույնիսկ հայ չէ, այլ Հայաստան է բերվել բալթյան մի երկրից: Հիմա նա ասում է, որ ուզում է «իմանալ թե ով եմ ես: Ովքեր էին իմ ծնողները և ինչու են ինձ տվել ինձ որդեգրած մորը»:

Այս ամսվա վերջում Պատուրյանի «Ճակատագրեր» ծրագիրը կցուցադրվի հայկական «Պրոմեթևս» ալիքով: Իրենց մերձավորներին փնտրող մարդիկ կպատմեն իրենց պատմությունները: Հետո կցուցադրվեն «տեսանամակները»:

40 րոպեանոց ծրագիրը եթեր դուրս կգա ամիսը երկու անգամ, բայց Պատուրյանը հույս ունի, որ այն կդառնա շաբաթական:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր ծրագիրը հովանավոր կգտնի, թե ոչ», - ասում է նա:

Պատուրյանը և ծրագրի ռեժիսյոր և պրոդյուսեր Վարդան Պետրոսյանը (նկարում՝ Պատուրյանի հետ) միասին մարդկանց են փնտրում՝ իրենց գրպանից վճարելով միջազգային զանգերի, տրանսպորտի և այլ բաների համար:

Մի քանի հայտնի կոմերցիոն ծրագրերի պրոդյուսեր Պետրոսյանն ասում է. - «Պատուրյանը հարցրեց ինձ, կուզենամ արդյոք լինել ծրագրի պրոդյուսերը: Ես համաձայնեցի, քանի որ ինձ համար, իբրև ռեժիսյորի, այս ծրագիրը նորություն է: Բացի այդ, ինքը գաղափարը բավականին հետաքրքիր է»:

Ներկայումս նրանց միացյալ ջանքերի շնորհիվ գտնվել է առնվազն հինգ մարդ: Պատուրյանն ասում է, որ նրանց անունները հայտնի կդառնան առաջին հաղորդման ընթացքում:

Բացի այդ, ենթադրաբար Ռուսաստանում գտնվող մոտ 30 մարդկանց վերաբերող «տեսանամակներն» ուղարկվել են Մոսկվայի «Օ-էռ-տե» հեռուստաալիքի «Սպասիր ինձ» նմանատիպ հաղորդմանը: «Օ-էռ-տե»-ի հաղորդումն առաջին անգամ եթեր է դուրս եկել մոտ հինգ տարի առաջ: Այժմ այն ամենաբարձր վարկանիշ ունեցող ռուսական հաղորդումներից է:

««Սպասիր ինձ» հաղորդման մեջ եթեր դուրս գալու համար հերթի է կանգնած 250000 մարդ: Ծրագրի աշխատակազմը 600 հոգի է, - ասում է Պատուրյանը, - Աստեղ աշխատում ենք միայն ես և Վարդանը»:

Պատուրյանը հավատում է, որ «Ճակատագրերը» ռուսական հաղորդման պես հայտնի կդառնա:

Հաղորդման հեղինակն ասում է, որ դրա գաղափարը նրա մոտ ծագել է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո:

1988 թվականին օպերատոր և լրագրող Պատուրյանին ցույց են տվել հեռուստատեսային մի հաղորդման մեջ, քանի որ նա եղել է կամավորական մի խմբի ղեկավարը, որը գտել և իրենց ընտանիքներին է վերադարձրել 400 երեխաների:

Նա ասում է, որ ուզում է շարունակել իր աշխատանքը և օգնել մարդկանց՝ իմանալով, որ Հայաստանում ճակատագիրը շատերին է բաժանում է իրարից:

  Inside
 

Fair Pay?: Salaries for civil servants and government officials set for dramatic increase

Full story

 
 
 
 

Frequency Fight: Top Independent TV Station Still Off The Air

Full story

 
 
 
 

Repeated Tragedy: Another animal dies at Yerevan zoo

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.